Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 15-ին, հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Աղբյուրը գրում է, որ ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: 

Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջն, ասել է. «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում»։

Անդրադառնալով ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Վալդիմիր Պուտինը հաջողություններ է մաղթել ՀՀ նախագահին և հույս հայտնել, որ Հայաստանը նրա ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը։

Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար և նշել, որ այս տարին հոբելյանական է, քանի որ լրանում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

«Այս տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ: Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը: 

Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կլինի բովանդակալից և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նշվում է, որ նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.