Հալեպի մոտակայքում ամերիկյան օդուժի իրականացրած ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ

Սիրիական Հալեպի մոտակայքում գտնվող գյուղերից մեկի մզկիթի ուղղությամբ ամերիկյան օդուժի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, մարմնական վնասվածքներ է ստացել մոտ հարյուրը։

Ամերիկացի զինվորականները խոստովանել են, որ Հալեպի մոտակայքում գտնվող մզկիթի ուղղությամբ հասցված ավիահարվածի հեղինակն իրենք են։ Այժմ ամերիկյան կողմը ճշտում է ավելի քան 40 խաղաղ բնակչի մահվան մասին լուրերի իսկությունը։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ Մերձավոր Արևելքի մասով պատասխանատու բաժինը։ 

«Հարվածի թիրախը եղել է այն շենքը, որտեղ ահաբեկիչները ժողով էին անում։ Դա մզկիթից մոտ 15 մետր հեռու է», - ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գնդապետ Ջոն Թոմասի խոսքերը մեջբերել է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

«Ռոյթերս» լրատվականի տվյալներով՝ խոսքը Ալ Ջինա գյուղի մզկիթի ուղղությամբ կատարված օդային հարձակման մասին է։

Ավելի վաղ ամերիկյան Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ իրենց կողմից հասցված ավիահարվածի արդյունքում Իդլիբում ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մի քանի զինյալ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.