Սիրիայի կառավարական ուժերը վնասազերծել են իրենց օդային սահմանը հատած իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները

Սիրիական բանակի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ հարված են հասցրել իսրայելյան օդուժի 4 ռազմական ինքնաթիռներից մեկին, որոնք մտել էին Սիրիայի օդային սահման։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 16-ի լույս 17-ի գիշերը։

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը ֆիքսել և վնասազերծել են մեր օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռներից մեկին։ Հարված է հասցվել ևս մեկ ինքնաթիռի», - ասվում է Սիրիայի Զինված ուժերի հրամանատարության կողմից արված հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Իսրայելի օդուժի թիրախը սիրիական բանակի՝ Պալմիրայում գտնվող օբյեկտներն էին։

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնում էին, որ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք գրոհում էին Սիրիայում գտնվող թիրախները, վնասազերծվել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ Իսրայելական աղբյուրները պնդում են, որ կիրառվել է խորհրդային արտադրության ՀՕՊ զենիթահրթռային Ս-200 համակարգ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.