Էրդողանը սպառնում է Եվրոպային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը շարունակի խախտել Եվրոպայում բնակվող թուրքերի իրավունքները, ապա եվրոպացիները ստիպված կլինեն իրենք ապահովել իրենց անվտանգությունն արտասահման մեկնելիս։ Այս մասին Էրդողանը խոսել է՝ անդրադառնալով Նիդերլանդների և Գերմանիայի դիվանագիտական դեմրաշին։

«Եթե Եվրոպան շարունակի նույն ոգով, ապա եվրոպացիները չեն կարողանա ապահով զբոսնել աշխարհի տարբեր անկյուններում։ Մենք՝ Թուրքիան, Եվրոպայից պահանջում ենք հարգել մարդու իրավունքներն ու պահպանել ժողովրդավարական սկզբունքները», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի կարծիքով՝ Եվրոպական երկրների հետ դիվանագիտական սկանդալները միայն բացասական էֆֆեկտներ չեն տվել։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն օգնել է Եվրոպայում բնակվող թուրքերին հասկանալ, թե ինչ փոփոխություններ են դրվելու հանրաքվեի։ Քուրթուլմուշը հիշեցրել է նաև, որ Գերմանիան, արգելելով թուրք պաշտոնյաներին ելույթներ ունենալ իրենց երկրում, թույլատրում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջոցառումները։

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են թուրքական արմատներով գեմանացի լրագրող, Die Welt պարբերականի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Ստամբուլում։ Լրագրողին մեղադրում են «ահաբեկչանական խմբավորումների հետ կապ ունենալու և ահաբեկչություն քարոզելու» մեջ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայից պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին։

Դրանից հետո Գերմանիայի իշխանություններն արգելել էին թուրք պաշտոնյաներին սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ իրականացնել իրենց երկրում։

Ավելի ուշ Նիդերլանդների իշխանությունները հրաժարվել են թույլատրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին մուտք գործել երկիր՝ հայտարարելով, որ թուրք քաղաքական գործիչների գործունեությունն անցանկալի է իրենց երկրում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի այս տարվա ապրիլին։ Փոփոխություններով նախատեսված է կառավարման խորհրդարանական համակարգից անցում դեպի նախագահականի։ Սահմանադրական փոփոխությունների փաթեթն արդեն հավանության են արժանացել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.