Թուրքիայի վարչապետը կոչ է անում Եվրամիությանը չմիջամտել իրենց ներքին գործերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրամիությանն առաջարկել է չմիջամտել Անկարայի ներքին գործերին։ Յըլդըրըմն այս միտքն արտահայտնել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Քարաման քաղաքում ունեցած ելույթի ժամանակ. փոխանցում է թուրքական Haberler-ը։

«Թուրքիան ոչ մեկի հետ խնդիր չունի։ Ովքեր ցանկանում են նոր ճգնաժամի առջև կանգնեցնել մեզ, ասեմ, որ դա չի հաջողվի իրենց։ Եվրամիությունը 54 տարի է ձգձգում է Թուրքիայի անդամակցության հարցը։ Ես ԵՄ-ին զգուշացնում եմ՝ մի խառնվեք մեր երկրի ներքին գործերին, զբաղվեք ձեր գործով։ Չէ որ ձեր գործը գյուլենականներին և Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին թաքցնելն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները սրվել էին, երբ Գերմանիայի և Նիդերլանդների իշխանությունները հրաժարվել էին թուրք պաշտոնյաներին թույլատրել իրենց երկրների թուրքական սփյուռքի մոտ ելույթներ ունենալ և վերջիններիս ներկայացնել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում դեպի նախագահականի։

Բարձրացած սկանդալից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ևս մեկ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։ Էրդողանն առաջարկում է քվեարկության դնել Եվրամիությանն անդամակցելու նպատակահարմարության հարցը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի հաջորդ ամսվա 16-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.