Թրամփի օրոք Միացյալ Նահանգները լինելու է Իսրայելի հավատարիմ ընկերը. ԱՄՆ փոխնախագահ

Միացյալ Նահագները Դոնալդ Թրամփի կառավարման ժամանակ պաշտպանելու է Իսրայելի շահերը և լինելու է նրա «հավատարիմ ընկերը»։ Այս մասին մարտի 30-ին Սպիտակ տանը կայացած՝ Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպան Դևիդ Ֆրիդմանի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։

Նրա խոսքով՝ Թրամփը ողջ կյանքի ընթացքում եղել է Իսրայելի և հրեա ժողովրդի ընկերը։ «Միջազգային հանրությունն ականատես կլինի, որ նրա նախագահության օրոք Միացյալ Նահանգները կանգնած կլինի Իսրայելի կողքին», - նշել է Փենսը։

Անդրադառնալով Ֆրիդմանին՝ ԱՄՆ-ի փոխնախագահը պատմել է, որ նա Իսրայելում եղել է ավելի քան 75 անգամ, իսկ նրա հայրը ռաբբի է եղել Նյու Յորքում։

«Ֆրիդմանի նշանակումը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին հստակ կերպով ցույց է տալիս ամերիկյան վարչակազմի՝ հրեա ժողովրդին և Իսրայելին օգնելու պատրաստակամությունը։ Մեզ համար միշտ էլ առաջնային է եղել Իսրայելի անվտանգության և խաղաղության հարցը», - ասել է Փենսը։

Դևիդ Ֆրիդմանն Իսրայելում ԱՄՆ-ի 20-րդ դեսպանն է։ Նա հայտնի է որպես Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի կառուցման ակտիվ ջատագովներից։ Դեմ լինելով ընդհանրապես Պաղեստին պետության գոյությանը՝ Ֆրիդմանը վստահեցնում է, որ ինքն աշխատելու է հանուն Մերձավոր Արևելքի խաղաղության և կայունության։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.