Թերեզա Մեյը երկարաձգում է ԵՄ-ի հետ ազատ ելումուտի գործընթացը

«Բրեքզիթից հետո Եվրամիության երկրներից դեպի Մեծ Բրիտանիա մարդկանց մուտքի գործընթացը կերկարաձգվի»,- BBC պարբերականը փոխանցում է վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը:

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո կառավարությանը «որոշ ժամանակ» պետք կգա նոր սահմանափակումներին հարմարվելու համար:

BBC-ի քաղաքական խմբագրի տեղակալ Ջոն Պինարի խոսքերով՝ ազատ տեղաշարժի հնարավորության հարցը դեռ փակված չէ, թեկուզև ժամանակավորապես:

Հորդանան և Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցի ընթացքում զրուցելով լրագրողների հետ՝ վարչապետն ընդգծել էր, թե ինչ կլինի, երբ Բրեքզիթից հետո անցումային փուլ սկսվի:

«Խիստ կարևոր է, որ Բրիտանիայի ժողովուրդը, որն իր մասնակցությունն է ունեցել անցյալ տարվա ընտրություններին, գիտակցի, որ դրա նպատակն էր ապահովել մեր սահմանների և մեր ներգաղթյալների վերահսկողությունը: Դա հենց այն է, ինչ մենք կանենք Եվրամիությունից դուրս գալուց հետո», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ապագա միգրացիոն քաղաքականության հեռանկարն ամենակարևոր հարցերից մեկն է Բրեքզիթից հետո: Մեյի խոսքերով՝ ամենակարևոր փոփոխությունն այն է, որ սահմանները և միգրացիոն քաղաքականությունը կլինեն Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո:

Վարչապետը հերքել է Բրյուսելի այն պնդումները, թե անցումային շրջանը կտևի երեք տարի:

Լրագրողների հաջորդ հարցը վերաբերում էր ԵՄ-ի հետ նոր առևտրական պայմանագրի կնքմանը. Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարության համաձայն՝ այդ պայմանագիրը կնքվում է միայն ԵՄ-ին չանդամակցող երկրների հետ, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի սպասել մինչև գործընթացի ավարտը:

«Առևտրական պայմանագրի կնքումը կարելի է իրականացնել միանգամայն օրինական ճանապարհով: Կարծում եմ ՝բոլորն էլ պետք է իմանան, որ մեր ունեցած պայմանավորվածությունները թույլ են տալիս պլաններ կազմել Բրեքզիթից հետո մեր և ԵՄ-ի ապագա համագործակցության և փոխհարաբերությունների վերաբերյալ»,- Sky News-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Մեյը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.