ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը

ԱՄՆ-ն հակամարտության չի ձգտում և մտադիր չէ հասնել այն բանին, որ Հյուսիսային Կորեայում իշխանափոխություն լինի: Պետքարտուղարի` Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան հարցերով օգնական Սյուզան Թորնթոնի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ պարբերականը:

«ԱՄՆ-ն հստակ ասել է, որ ցանկանում է այդ հարցը լուծել Կորեական թերակղզու խաղաղ ապամիջուկայնացմամբ», - հայտարարել է դիվանագետը:

«Հս. Կորեայի կողմից ցանկացած սպառնալիք կամ հարձակում համապատասխան հակահարված կստանա», - միևնույն ժամանակ նշել է Թորնթոնը՝ չմանրամասնելով, թե ինչպիսի հակահարվածի մասին է խոսքը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում «հանդուրժել Հս. Կորեայի սպառնալից վերաբերմունքը»:

Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Հս. Կորեայի արտգործնախարարի տեղակալ Հան Սոնգ Ռյոլը տեղեկացրել էր, որ Փհենյանը պատրաստվում է շարունակել հրթիռային փորձարկումները: Նա նաև զգուշացրել է լայնամասշտաբ պատերազմի հնարավորույթյան մասին, եթե ԱՄՆ-ն այնքան «անխոհեմ լինի, որ ռազմական միջոցներ կիրառի» Փհենյանի դեմ:

Անդրադառնալով Հս. Կորեայի սպառնալիքներին և ԱՄՆ-ի վերջին հայտարարություններին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան չի հանդուրժի Փհենյանի «միջուկային արկածախնդիր գործողությունները», սակայն միևնույն ժամանակ նշել է, որ առանձին երկրների պատասխան գործողությունները չպետք է խախտեն միջազգային իրավունքը: «Ուստի հուսով եմ, որ մենք այլևս ականատես չենք լինի այնպիսի միակողմանի գործողությունների, ինչպիսիք վերջերս տեղի ունեցան Սիրիայում»,- ասել է Լավրովը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.