Էրդողանի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին, որը պատարագի ժամանակ ընթերցել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի նույնպես հիշում ենք Առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում զոհ գնացած Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին և ցավակցում նրանց սեունդներին։

Այս տարածաշրջանում ապրող երկու հին ժողովուրդներ հայերը և թուրքերը մեկ հազարամյակ ապրել են ուս-ուսի՝ կիսելով նույն պատմությունը և մշակույթը»։

Էրդողանի խոսքով՝ ինչպես անցյալում, այնպես էլ այժմ հայերը մեծ դերակատարություն ունեն Թուրքիայի հասարակական և քաղաքական կյանքում։

«Բոլորիս ընդհանուր նպատակն է, որ դարերով միմյանց ուրախությունը և տխրությունը կիսած երկու ժողովուրդները բուժեն անցյալի վերքերը և ավելի ամրապնդեն մարդասիրական կապերը։ Վերջին 14 տարվա ընթացքում այս ուղղությամբ մի շարք քայլեր են կատարվել և կյանքի են կոչվել պատմական կարևորության բարեփոխումներ»։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Թուրքիայի հայ համայնքի բարեկեցությունն ու անվտանգությունը չափազանց կարևոր է իր համար. «Թույլ չենք տա, որ մեր երկրում ապրող թեկուզ մեկ հայ իրեն օտար զգա», - ասել է Էրդողանը։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Էրդողանը շարունակում է առաջ տանել «ընդհանուր ցավի գաղափարը»՝ Հայոց Ցեղասպանությունը ներկայացնելով որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ, որտեղ հավասարապես տուժել է նաև թուրք ժողովուրդը։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.