Մոսկվան դատապարտում է իսրայելական օդուժի գործողությունները Սիրիայում

Ռուսական կողմը դատապարտում է իսրայելական օդուժի կողմից հասցված հարվածը Դամասկոսի օդանավակայանի մոտակա թաղամասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան դատապարտում է Սիրիայի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիվ գործողությունները՝ համարելով դրանք անթույլատրելի և միջազգային սկզբունքներին հակասող։ Կոչ ենք անում բոլորին գործել՝ հարգելով ՄԱԿ-ի անդամ Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հացրել Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում գտնվող զինպահեստներին, որոնք պատկանում էին լիբանանյան «Հեզբոլլահ» շիա իսլամիստական շարժմանը։ Ավիահարվածը շարքից հանել էր մոտակայքով անցնող՝ քաղաքի գազատար խողովակները։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն ապրիլի 26-ին հայտարարել էր, որ իրենք թույլ չեն տա Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը ուժեր կենտրոնացնել իսրայելասիրիական սահմանի մերձակայքում գտնվող Գոլանի բարձրունքի մոտ։    

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.