Սև ծովում ռուսական նավ է խորտակվել

ՌԴ սևծովյան նավատորմի «Լիման» նավը խորտակվել է Սև ծովում մեկ այլ նավի հետ բախման արդյունքում. այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը:

« «Լիման» նավը խորտակվել է ջրատար խողովակից ներքև բացված անցքերի պատճառով: Հետազոտական աշխատանքներ իրականացնող նավի անձնակազմի բոլոր անդամները ողջ են և ներկա պահին պատրաստվում են թուրքական փրկանավից տեղափոխվել դեպի ռուսական նավ»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

«Բրիտանական Reuters լրատվական գործակալության հաղորդումը ռուսական «Լիմա» նավի անձնակազմի անհետ կորած անդամների մասին հերթական ապատեղեկատվությունն է», - հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավը բախվել  էր Տոգոյի դրոշի տակ նավարկող «Youzarsif-Н» բեռնատար նավին: Օգնության SOS ազդանշանը ստանալուց անմիջապես հետո դեպք վայր էր ուղարկվել թուրքական չորս առափնյա պահակախումբ, այդ թվում նաև երկու արագընթաց նավակ:

«Տեղական ժամանակով 14:48-ին ռուսական նավը խորտակվել է: Ինչպես արդեն նշել ենք ամբողջ անձնակազմը՝ 78 մարդ, փրկվել է և գտնվում է մեր առափնյա պահակախմբի նավակների վրա», - տեղեկացրել է Թուրքիայի առափնյա պահակախմբի մամլո ծառայությունը: Բեռնատար նավը «էական վնաս գրեթե չի ստացել և շարունակում է նավարկել իր երթուղով»:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսային ափերից 18 մղոն հեռավորության վրա՝ Բոսֆորի նեղուցի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն՝ բախումը տեղի է ունեցել մառախուղի պատճառով առաջացած ցածր տեսանելիության հետևանքով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.