Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծմանն աջակցող բանաձև

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրայում անվտանգության գոտիների ստեղծման հուշագրին աջակցող բանաձևի նախագիծ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությանը:

«Հաստատում ենք, որ բանաձևի նախագիծն արդեն ներկայացված է»,- ասել է ներկայացուցչության մամլո քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին:

Դիվանագետների տեղեկացմամբ՝ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այս շաբաթվա սկզբին՝ հավանաբար մայիսի 8-ին կամ 9-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 4-ին, Աստանայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները համաձայնության էին եկել Սիրիայի տարածքում չորս անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ:

Համաձայնությունը ենթադրում է, որ մայիսի 6-ից այդ տարածքներում արգելվում է ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում նաև ավիացիոն թռիչքներ: Փաստաթուղթը ուժի մեջ է վեց ամսով և կարող է երկարաձգվել նույնպիսի ժամկետով: ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ Աստանայի համաձայնագրի ստորագրումը չի նշանակում «Իսլամական պետություն» և «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի դադարեցում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.