Microsoft-ի տնօրենը վերջին կիբերհարձակումների մեջ մեղադրում է ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին

Վերջին օրերին ակտիվացած WannaCry համակարգչային վիրուս ծրագրի տարածման համար մասամբ պատասխանատու են տարբեր երկրների հատուկ ծառայություններ և կառավարություններ։ Այս մասին իր բլոգում գրել է Microsoft ընկերության ղեկավար Բրեդ Սմիթը։

Նրա խոսքով՝ կառավարությունները հավաքում են ծրագրերի խոցելիության մասին տվյալներ՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Հետո ցանցահեններն օգտագործում են այդ տվյալները կիբերհարձակումների համար։

«Մենք տեսել ենք, որ խոցելիության մասին տվյալները, որոնք հավաքել էր Կենտրոնական հետախուզական վարչությունը, հրապարակվել է Wikileaks-ում։ Հիմա ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունից գողացված խոցելիության մասին այդ տվյալները  վնասել են օգտատերերի համակարգիչներն ամբողջ աշխարհից», - հայտարարել է Սմիթը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի երեկոյան սկսեցին լուրեր տարածվել համակարգիչների զանգվածային վարակումների մասին։ Վարակից ազատվելու համար օգտատերերից պահանջվել է վճարել 230 ֆունտ և գնել ծածկագիրը։

Կասպերսկու լաբարատորիան գրանցել էր ծածկագրող ծրագրով համակարգիչների վարակելու մոտավորապես 45.000 փորձ աշխարհի 74 երկրներում, ընդ որում՝ վարակելու ամենաշատ փորձերն արվել են Ռուսաստանում։ Խափանվել էր Իսպանիայի ամենամեծ հեռահաղորդակցական կապը, կաթվածահար էր եղել Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգը, մի շարք հիվանդանոցներ չէին կարողանում մուտք գործել տվյալների բազա։ Հարձակման էին ենթարկվել նաև ՌԴ ներքին գործերի նախարարության համակարգիչները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.