Պուտինը վերջին հաքերային հարձակումների մեջ տեսնում է ամերիկյան հետք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ավելի քան 150 երկրների հազարավոր համակարգիչներ վարակած WannaCry համակարգչային վիրուսի տարածման սկզբնաղբյուրը ամերիկյան հատուկ ծառայություններն են: Այս հայտարարությամբ նախագահն աջակցել է Microsoft ընկերության ղեկավար Բրեդ Սմիթի տեսակետը, որն ավելի վաղ մատնանշել էր կատարվածում ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ունեցած մեղավորությունը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանն այս ամենի հետ ոչ մի կապ չունի: Ինձ համար տարօրինակ է որևէ այլ կարծիք լսելը»,- ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ ռուսական հաստատություններն էական վնաս չեն կրել հաքերային հարձակման հետևանքով: «Սակայն սա ընդհանուր առմամբ անհանգստանալու տեղիք է տալիս»,- ամփոփել է նա:

Ավելի վաղ Microsoft ընկերության կայքում հայտնվել էր Բրեդ Սմիթի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե համոզված է ՝ զանգվածային հաքերային հարձակումը հնարավոր է դարձել, քանի որ ԿՀՎ-ն և ԱԱԳ-ն, իրենց շահերից ելնելով, տեղեկություններ են հավաքել ծրագրային ապահովման խոցելիության մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի երեկոյան սկսեցին լուրեր տարածվել համակարգիչների զանգվածային վարակումների մասին։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝վարակից ազատվելու համար օգտատերերից պահանջվել է վճարել 300-600 դոլար և գնել ծածկագիրը։

Ենթադրվում է, որ համակարգչային վիրուսը ստեղծողները որպես հիմք օգտագործել են ԱՄՆ ԱԱԳ-ի Eternal Blue վնասակար ծրագիրը: The Times-ի տեղեկությունների համաձայն՝ WannaCry վիրուսի հեղինակների շահույթը, մայիսի 15-ի տվյալներով, 42 հազար դոլար է կազմել, սակայն նրանք դեռևս չեն փորձել այդ գումարը կանխիկացնել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.