ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի առաջարկով քննարկում է Վենեսուելայի հարցը

Այսօր՝ մայիսի 17-ին, ՄԱԿ-ի Անվտանության խորհուրդը ոչ պաշտոնական փակ նիստում քննարկել է Վենեսուելայում տիրող իրավիճակը, որտեղ շարունակվում են անկարգություններով ուղեկցվող զանգվածային հակակառավարական ցույցերը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Միացյալ Նահանգներինը: Երեկ՝ մայիսի 16-ին, ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հայտարարել էր, որ Վենեսուելայի անվտանգության ուժերն են պատասխանատու «այն ճնշումների համար, որոնք հանգեցրել են սպանությունների, ազատազրկումների և խոշտանգումների»:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամ է: Երկրի տնտեսական վիճակից դժգոհ բնակիչները դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ նշանակել։ Լարվածությունը խիստ աճեց այն բանից հետո, երբ գերագույն դատարանը որոշում կայացրեց խստորեն սահմանափակել ընդդիմադիր կուսակցության լիազորությունները: Այս որոշումը ցույցերի առիթ դարձավ, որից հետո չեղյալ հայտարարվեց, սակայն դա այլևս չփրկեց իրավիճակը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ անկարգությունների զոհ է դարձել 46 մարդ, հազարավորները տուժել են:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.