Սիրիական սցենարը կարող է կրկնվել Վենեսուելայում. Նիկի Հեյլի

ԱՄՆ-ն չկարողացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համոզել Վենեսուելայի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին` ամփոփելով Անվտանգության խորհրդի՝ վենեսուելական ճգնաժամին վերաբերող փակ նիստի արդյունքները:

«Մենք չենք սպասում, որ Անվտանգության խորհուրդը քայլեր կձեռնարկի»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն խորհրդի նիստ էր հրավիրել, որպեսզի ուշադրություն հրավիրեր Վենեսուելայում տիրող իրավիճակի վրա և կոչ աներ Ամերիկյան պետությունների կազմակերպությանը ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված ավելի վճռական քայլեր ձեռնարկել:

Ինչպես հայտարարել է Հեյլին, խորհրդի նիստի ընթացքում տեղեկատվություն է ստացվել, որ Վենեսուելայի իշխանությունները պատրաստվում են 2,6 հազար աշխատակիցներից կազմված անվտանգության ուժեր ուղարկել երկրի հյուսիս-արևմտյան Տաչիրա նահանգ, որտեղ խոշոր անկարգություններ են տեղի ունեցել: «Իրավիճակը չի բարելավվում, այն վատթարանում է»,- նշել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ միջազգային հասարակությունը պետք է ստիպի այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հարգել իր ժողովրդի իրավունքները»:

«Նույն իրավիճակը եղել է նաև Սիրիայում, Չինաստանում, Հարավային Սուդանում և Բուրունդիում: Մի՞թե հնարավոր չէ կանխել այդպիսի լուրջ իրավիճակների առաջացումը՝ Անվտանգության խորհրդի բաց նիստ հրավիրելու փոխարեն»,- նշել է Նիկի Հեյլին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը հայտարարել էր, որ վենեսուելական ճգնաժամը կարող է դառնալ զինված հակամարտություն, որը մեծ վտանգ կներկայացնի ամբողջ աշխարհի անվտանգությանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.