Ջուլիան Ասանժը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից

WikiԼeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է խնդրել Ֆրանսիային իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Նրա փաստաբան Ժուլիան Բրանկոյի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ Ֆրանսիան ամենայն լրջությամբ պետք է մոտենա այս հարցին և քաղաքական ապաստան տրամադրի Ասանժին»,- ասել է փաստաբանը:

«Իմ պաշտպանյալն այժմ փորձում է դուրս գալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից և խնդրում է Ֆրանսիային համապատասխան քայլ անել և ընդունել իրեն՝ ԱՄՆ-ի հետապնդումներից պաշտպանելու համար», - հայտարարել է Բրանկոն:

Փաստաբանի խոսքերով՝ Ասանժը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ իրեն կարտահանձնեն ԱՄՆ-ին, եթե նա դուրս գա լատինամերիկյան երկրի դեսպանատնից: «Նրան սպառնացել են ցմահ ազատազրկել. նախագահ Թրամփն անձամբ է սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին մի քանի շաբաթ առաջ»,- պարզաբանել է Բրանկոն:

Բացի այդ, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Վեսթմինսթերի առաջին ատյանի դատարանը Ջուլիան Ասանժին ձերբակալելու հրաման էր արձակել, երբ նա 2012 թ. հունիսի 29-ին չէր ներկայացել դատարան: Թեև Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է Ասանժի՝ բռնաբարության գործով հետաքննությունը, այդ ձերբակալման հրամանը ուժի մեջ է մնում, և Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել նրան Էկվադորի դեսպանատնից դուրս գալուն պես:

Ավելի վաղ՝ 2015 թ., Ասանժը բաց նամակ էր ուղղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսու Օլանդին՝ խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Այդ ժամանակ Ելիսեյան պալատը մերժել էր Ասանժի խնդրանքը: Նրա փաստաբանը հույս է հայտնել, որ նոր նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը այլ կլինի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.