Ֆիլիպիններում գրոհայինների հետ բախումների արդյունքում 34 մարդ է տուժել

Ավելի քան 34 մարդ,  այդ թվում նաև զինվորականներ և ոստիկաններ են տուժել Ֆիլիպինների կառավարական զորքերի և «Մաուտե» ահաբեկչական խմբավորման միջև մոտ մեկ շաբաթ շարունակվող բախումների արդյունքում։ Ֆիլիպինների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեստիտո Պադիլայի տեղեկացմամբ՝ ծայրահեղականները 19 խաղաղ բնակչի են սպանել։

«Մարավի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում 11 զինվորական և 4 ոստիկան է զոհվել։ Կառավարական ուժերը կարողացել են ոչնչացնել ավելի քան 61 գրոհային»,- տեղեկացրել է Պադիլան։

Ֆիլիպինների իշխանությունների տվյալների համաձայն՝ «Մաուտե» խմբավորմանն անդամակցում է 200-300 մարդ։ Հայտնի է նաև, որ հարևան երկրներից՝ Ինդոնեզիայից, Մալայզիայից և Սինգապուրից տասնյակ իսլամիստներ են հասել երկրի հարավային շրջաններ, որտեղ մասնակցում են մարտական գործողություններին։

Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ զինուժը «կշարունակի ճշգրիտ օդային հարվածներ հասցնել և ռմբակոծել այն շրջաններին, որտեղ թաքնվում են գրոհայինները»։

Ավելի վաղ իշխանությունները տեղեկացրել էին, որ Մարավիի բնակչության մեծ մասը՝ մոտավորապես 200 հազար մարդ, արդեն լքել է քաղաքը։ Agence France-Presse-ի տեղեկացմամբ՝ քաղաքում դեռևս 2000 խաղաղ բնակիչ կա։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն 60-օրյա ռազմական դրություն էր հայտարարել Մինդանաո նահանգում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.