ՌԴ ԱԳՆ-ն ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս Չեռնոգորիա մեկնելուց առաջ ևս մեկ անգամ մտածել
Չեռնոգորիայում պետական հեղաշրջում կատարելու և դրանում Մոսկվայի մասնակցության մասին Պոդգորիցայի կողմից հորինված պատմությունն ապատեղեկատվություն տարածելու և Ռուսաստանի անունը ևս մեկ անգամ կեղտոտելու պարզ օրինակ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չեռնոգորիայում հակառուսական տրամադրությունների ակտիվացման և երկկողմ հարաբերությունների վատթարացման ֆոնին ստիպված ենք խորհուրդ տալ ՌԴ քաղաքացիներին Չեռնոգորիա մեկնելուց առաջ ևս մեկ անգամ մտածել։ Այդ երկրի համար ավելի վատ գովազդ, քան արտգործնախարար Սրջան Դարմանովիչի՝ Ռուսաստանի և ռուսական ներդրողների մասին հայտարարությունը, դժվար էր մտածել», - նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեռնոգորիայի արտգործնախարար Դարմանովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանն «ամենախիստ կերպով միջամտում է երկրի ներքին գործերին» և փորձում է կանխել Չեռնոգորիայի իշխանությունների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մտադրությունը։
Չեռնոգորացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ Ռուսաստանը փորձել է պետական հեղաշրջում կատարել այնտեղ, միջամտելով նախորդ տարվա աշնանը կայացած ընտրություններին։ Նրանց պնդմամբ՝ նպատակը երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն խոչընդոտելն էր։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չեռնոգորացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդպիսի ահնիմն հայտարարություններ անելն անպատասխանատու քայլ է։
Նշենք, որ Չեռնոգորիան, որպես դիտորդ մասնակցել է ՆԱՏՕ-ի՝ վերջերս կայացած գագաթնաժողովին։