Հիլարի Քլինթոնը տեղյակ է եղել Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից ահաբեկիչներին ցուցաբերած աջակցության մասին. Վիկիլիքս

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իմացել է, որ Կատարը և Սաուդյան Արաբիան ֆինանսական օգնություն են տրամադրել Սիրիայի և Իրաքի ահաբեկիչներին։ Այս մասին ասվում է «Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված Քլինթոնի էլեկտրոնային նամակներում, որոնց հղումը մայիսի 5-ին տեղադրվել էր կազմակերպության թվիթերյան էջում։

Հրապարակած նամակը, որը Քլինթոնը գրել է 2014 թ. օգոստոսի 17-ին, ուղղված է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստին։ Նամակում նշվում է Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և այնտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոցների մասին։ Քլինթոնը հիշատակում է զինյալների դեմ պայքարում քրդական «փեշմերգա» և «Սիրիական ազատ բանակ» խմբավորումներին ներգրավելու հնարավորությունը։

«Քանի դեռ այս պատերազմական և կիսապատերազմական վիճակը շարունակվում է, մենք պետք է օգտագործենք մեր դիվանագիտական կարողությունները Կատարի և Սաուդյան Արաբիայի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ նրանք գաղտնի ֆինանսական աջակցություն են ցույց տալիս  ԻՊ-ին և տարածաշրջանում այլ ծայրահեղական խմբավորումներին»-, ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Բահրեյնը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիան, Մալդիվյան հանրապետությունը և Մավրիկին։

Կատարի իշխանություններն իրենց ափսոսանքն են հայտնել հարևան երկրների որոշումների առիթով և դրանք անվանել չհիմնավորված։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.