Times-ը նոր մանրամասներ է հաղորդել Լոնդոնի ահաբեկչության վերաբերյալ

Հունիսի 3-ի Լոնդոնի ահաբեկչությունն իրականացնողներից մեկը պակիստանական ծագմամբ բրիտանացի Հուրամ Շազադ Բաթն է, որը 2005 թ. Լոնդոնի մետրոյի ահաբեկչության հետ կապ ունեցող Սաջիլ Շահիդի մոտ ընկերն է եղել. գրում է Times թերթը։

Թերթի տվյալների համաձայն՝ Բաթն աշխատել է Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող, մուսուլմաների համար նախատեսված ֆիթնես ակումբում, որը պատկանում է 42-ամյա Շահիդին։ Ենթադրվում է , որ վերջինս «Ալ Քաիդա»-ին օգնել է 2005 թ. հուլիսին լոնդոնյան մետրոյում պայթյուններ իրականացնելու հարցում։

Բաթը «Ummah Fitness» ակումբում շաբաթական մի քանի ժամ էր անցկացնում՝ օգնելով խառը մարտարվեստների պարապմունքների ժամանակ։ Times-ը նշում է, թե հավանաբար նրա պարտականությունների մեջ է մտել նաև պարապմունքներին հաճախող երիտասարդների ծայրահեղականացումը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամուրջի վրա եղած անցորդների խմբի մեջ է մխրճվել մի ավտոմեքենա, որից դուրս եկած երեք զինված անձինք հարձակվել էին հետիոտների վրա։ Ահաբեկիչներն սպանվել էին ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ահաբեկչական գործողության հետևանքով յոթ մարդ էր զոհվել, 48-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մի քանիսը ծանր վիճակում են։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.