Ամերիկացի ցանցահենները գրոհում են նախագահ Պուտինի կայքը. Պեսկով

ԱՄՆ-ի տարածքից ամեն օր Ռուսաստանի վրա հաքերային հարձակումներ են իրականացվում. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ հարձակման թիրախ է դարձել նաև նախագահ Պուտինի կայքը։

Լրագրողների հարցին, թե արդյոք հարձակումներն իրականացվում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, Պեսկովը պատասխանել է. «Խոսքը ԱՄՆ-ի տարածքից եկող հարձակումների մասին է։ Ես չեմ ցանկանում անհիմն հայտարարություններ անել՝ ասելով, թե այս ամենի հետևում պաշտոնական Վաշինգտոնն է կանգնած։ Որևէ երկրի տարածքից կատարված հաքերային հարձակումը չի նշանակում, որ կառավարությունը կապ ունի դրա հետ»։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ վերջերս ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները սպառնացել են մեծածավալ կիբերհարձակում իրականացնել Ռուսաստանի դեմ։ ԶԼՄ-ների միջոցով նրանք ցույց են տվել, որ ցանկացած պահի կարող են հարձակում գործել ռուսական առանցքային գերատեսչական կառույցների վրա։

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ ռուսական էլեկտրոնային ենթակառուցվածքի վրա կատարվող հարձակումների 28%-ն իրականացվում է ԱՄՆ-ի տարածքից։

Ինչպես նշում է «Ռիա Նովոստի»-ն, Մոսկվան բազմիցս Վաշինգտոնին առաջարկել է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել կիբերհանցագործությունների դեմ պայքարելու համար։ Ամերիկյան վարչակազմն ամեն անգամ խուսափել է պատասխան տալուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.