Հավանան դատապարտել է Թրամփի՝ Կուբայի հանդեպ քաղաքականության խստացման վերաբերյալ որոշումը

Կուբայի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրենց երկրի նկատմամբ քաղաքականության խստացման վերաբերյալ որոշումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կուբայի կառավարության հայտարարությանը:

Հավանայում Սպիտակ տան նախաձեռնությունն անվանել են «հետընթաց կուբա-ամերիկյան հարաբերություններում»: Այդուհանդերձ, Կուբան պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը:

«Մայամիում ունեցած ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լի թշնամական հռետորաբանությամբ և հիշեցնելով մեր երկրի հետ բաց առճակատման ժամանակները, հայտարարեց Կուբայի հանդեպ իր վարչակազմի քաղաքականության մասին, որը չեղարկում է նախորդ երկու տարիներին գրանցված առաջընթացը»,- ասվում է հայտարարության մեջ:

Կուբայի կառավարությունը հայտարարել է նաև, որ պատրաստվում է շարունակել «ԱՄՆ-ի կառավարության հետ հարգալից երկխոսությունը և համագործակցությունն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են  ներկայացնում»:

Հավանայում ընդգծել են նաև, որ Կուբայի ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր ինքնավարությունից և անկախությունից: «Ցանկացած ռազմավարություն՝ ուղղված Կուբայում քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի փոփոխմանը, լինի դա ճնշման միջոցով թե ավելի սրամիտ մեթոդների կիրառմամբ, դատապարտված է ձախողման»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Մայամիում ունեցած ելույթի ընթացում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակիորեն հրաժարվում է Կուբայի հանդեպ իրեն նախորդող Բարաք Օբամայի ունեցած քաղաքականությունից: Թրամփի վարչակազմը ավելի խիստ սահմանափակումներ է դնում մասնավորապես դեպի կղզի կատարվող ամերիկյան զբոսաշրջության վրա: Նա պատրաստվում է արգելել նաև կուբական ռազմական կառույցների հետ կապված անձանց գործարքների իրականացումը ԱՄՆ-ի իրավասության շրջաններում: Այդուհանդերձ, Թրամփը ուժի մեջ է թողել Օբամայի դիվանագիտական նվաճումներից շատերը, այդ թվում նաև ամերիկյան դեսպանատան աշխատանքը Հավանայում:

Սպիտակ տանը հայտարարել են, որ Կուբայի հանդեպ պատժամիջոցները կշարունակվեն այնքան, մինչև Հավանան քաղաքական և տնտեսական ազատականացմանն ուղղված քայլեր ձեռնարկի:

2014 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի և Կուբայի առաջնորդներ Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն հայտարարել են երկկողմ հարաբերությունների բարելավման նախաձեռնության մասին: Վերականգնվել են դիվանագիտական կապերը, վերսկսվել են կանոնավոր առևտրային թռիչքները և մեղմացվել են մի շարք հակակուբական պատժամիջոցներ: Այնուամենայնիվ, 1959 թ. հեղափոխությունից հետո ամերիկյան կառավարության կողմից սահմանված առևտրային արգելքը գործում է մինչև օրս:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.