Հզոր պայթյուն Կոլումբիայի մայրաքաղաքում․ հաղորդվում է 3 զոհի մասին
Հզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրի կենտրոններից մեկում։ Նախնական տվյալներով զոհվել է երեք մարդ։ Այս մասին թվիթերյան գրառման միջոցով հայտնել է Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսը։
«Ցավով հայտնում եմ, որ երեք կին է զոհվել Andino առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Եվս մեկ մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Բոգոտայի քաղաքապետը։
Նա հայտել է նաև, որ զոհվածներից մեկը ֆրանսիացի կին է, որը կամավորական հիմունքներով աշխատում էր տեղի դպրոցներից մեկում։
Դեպքի վայրից ոչ հեռու գտնվող հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ։ Բժիշկների խոսքով՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Կոլումբիական El Tiempo թերթի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի երկրորդ հարկի զուգարանում։ Նշվում է, որ այդ պահին շենքում եղել է մոտ 500 մարդ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարների և հատուկ ծառայությունների ջոկատները։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, որին անձամբ հետևելու է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։