Ավստրալիան դադարեցնում է օդային գործողությունները Սիրիայում

Ավստրալիան հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է Սիրիայում իր գործողությունները Ռուսաստանի զգուշացումից հետո. վերջինս սպառնում է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ցանկացած ինքնաթիռ համարել պոտենցիալ թիրախ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ավստրալիայի կառավարությունն այս դադարը «նախազգուշական միջոցառում է» անվանել՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Մոսկվան այդպիսի զգուշացում է արել ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո: Այդպիսի դեպքերը կանխելու նպատակով Ռուսաստանը նաև դադարեցրել է կապը ԱՄՆ-ի հետ:

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի գործունեության շրջանակներում Ավստրալիան 780 ռազմական անձնակազմ է ուղարկել Իրաք և Սիրիրա:

Գործողությունները դադարեցվել են, քանի որ կոալիցիան և դրա զինվորականներն իբրև թե աջակցել են Իսլամական պետության զինյալների դուրսբերմանը Ռաքքայից, որը 2014 թ. հռչակվել է «խալիֆայության» փաստացի մայրաքաղաք:

«Ավստրալիայի պաշտպանական ուժերի աշխատանքը պարբերաբար վերանայվում է՝ պոտենցիալ սպառնալիքներին արագ արձագանքելու համար: Ավստրալիայի պաշտպանական ուժերը մեծ ուշադրությամբ հետևում են Սիրիայի օդային իրավիճակին և պատրաստ են վերսկսել աշխատանքները ցանկացած պահի»,- ասվում է Ավստրալիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ավստրալիան կշարունակի իր գործողությունները Իրաքում միջազգայի կոալիցիայի շրջանակներում:

Նշենք, որ հունիսի 19-ին Ռուսաստանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ըստ որի նա պատրաստ է հետապնդել կոալիցիայի ինքնաթիռները հրթիռային համակարգերով և ռազմական ինքնաթիռներով: Սակայն Ռուսաստանը բացեիբաց չի ասել, որ կոչնչացնի դրանք:

Այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ-ի կողմից սիրիական Սու-22 ինքնաթիռի խոցումը, որը, Պենտագոնի խոսքերով, կրակ էր բացել Ռաքքայի շրջանի Թաբքա քաղաքում ԻՊ-ի դեմ պայքարող ամերիկացի զինվորականների վրա:

Այդուհանդերձ, Ռուսաստանը և Սիրիան պնդում են, որ Սու-22-ը Ռաքքայի հարավ-արևմուտքում ԻՊ-ի դեմ գործողություններ էր իրականցնում այն պահին, երբ իր վրա կրակ են բացել:

Սիրիական բանակն զգուշացրել է, որ այդ «սարսափելի հարածը վտանգավոր հետևանքներ կունենա»:

Ռուսաստանը հերքել է ամերիկյան զինվորականների այն հայտարարությունը, թե Սու-22-ին հարված հասցնելուց առաջ ԱՄՆ-ն  օգտագործել է համատեղ կապի ալիքը: Ի պատասխան Ռուսաստանը նշել է, որ դադարեցնում է կոալիցիայի հետ համագործակցությունը կնքված հուշագրի շրջանակում՝ օդային պատահարները կանխելու և թռիչքների անվտանգությունը երաշխավորելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.