Ահաբեկչություն՝ Բրյուսելի կայարաններից մեկում

Եվրոպայում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: Հունիսի 21-ին՝ կեսգիշերն անց, անհայտ անձը Բրյուսելի կենտրոնական կայարանի տոմսարկղերի մոտ պայթուցիկ սարք է գործի դրել. այս մասին հայտնում ն բելգիական լրատվամիջոցները:

Չարագործին ամբոխի մեջ նկատել է զինվորական պարեկը. նրան մատնել են հագուստի տակից երևացող լարերը: Զինվորականները մոտեցել են կասկածելի անձին, որից հետո պայթյուն է որոտացել: Հասկանալով, որ գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը՝ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը, որի տեսակը դեռևս հայտնի չէ:

Նշվում է, որ պայթյունն այնքան էլ ուժգին չի եղել․ տուժածներ չկան: Ականատեսների խոսքերով՝ դեպքի վայրը ծածկված է եղել ծխով, բայց իրավապահ մարմինները և կայարանի աշխատակիցները կարողացել են արագ տարհանում իրականացնել:

Թագավորության ներքին գործերի նախարար Յան Յաբմոնը, ելույթ ունենալով VTM հեռուստաալիքի  եթերում, տեղեկացրել է, որ ահաբեկչի պայթուցիկ սարքը բավականին հզոր է եղել, սակայն չի գործել այնպես, ինչպես մահամարտն էր նախատեսել:

Յաբմոնը հայտնել է նաև, որ ահաբեկչի ինքնությունն արդեն պարզվել է. նա վաղուց է հայտնի եղել ոստիկանությանը: Նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդել: Նախարարը միայն նշել է, որ ոստիկանների և զիվորականների ճիշտ ժամանակին արված միջամտությունը կանխել է մեծամասշտաբ ահաբեկչական գործողությունը:

Բելգիայի դաշնային դատախազությունը հետաքննում է դեպքը որպես ահաբեկչություն: Վարչապետ Շառլ Միշելը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը դեռևս մնում է անփոփոխ՝ երրորդ՝ նախավերջին աստիճան:

Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունն ամբողջությամբ շրջափակել է քաղաքի կենտրոնը և տարհանել մարդկանց ոչ միայն Կենտրոնական կայարանից, այլ նաև Գրան-պլյաս կենտրոնական հրապարակից, դրան հարակից մի քանի փողոցներից, մոտակա ռեստորաններից և շենքերից՝ իրենց գործողությունները բացատրելով ահաբեկչության վտանգի սպառնալիքով:

Նշենք, որ Բելգիայում մի քանի ահաբեկչական գործողություններ էին իրականացվել նաև 2016 թ. մարտին, որոնց հետևանքով 32 մարդ էր զոհվել, իսկ 300-ը ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.