ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռին

Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող F-16 կործանիչը մոտեցել է Բալթիկ ծովի չեզոք գոտու վրայով թռչող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին, սակայն նրան «հեռացրել» է ռուսական Սու-27-ը. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները  ցանկացել են հետևել Շոյգուի ինքնաթիռին, երբ նա մեկնում էր Կալինինգրադ: Նախարարի ինքնաթիռն ուղեկցվել է ռազմածովային Սու-27 կործանիչներով:

Դաշինքի ինքնաթիռներից մեկը փորձել է մոտենալ Շոյգուի օդանավին, բայց Սու-27-ը հայտնվել է նրանց մեջտեղում: Կործանիչը, թափահարելով թևերը,  դաշինքի ինքնաթիռին «ցույց է տվել», որ զինված է, որից հետո F-16-ը նահանջել է:

Կրեմլում չեն մեկնաբանել միջադեպը՝ խնդրելով բոլոր հարցերն ուղղել պաշտպանության նախարարությանը:

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի-ն, այսօր՝ հունիսի 21-ին, Շոյգուն ռազմական գերատեսչության արտագնա նիստ է անցկացրել Կալինինգրադում, որի ընթացքում քննարկվել են արևմտյան ռազմավարական ուղղությանն անչվող անվտանգության հարցերը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական Սու-27 կործանիչը կանխել էր Բալթիկ ծովի վրայով թռչող ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի գործողությունները: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ռուսական կործանիչների թռիչքները Բալթիկի չեզոք ջրերի վրայով իրականացվում են միջազգային կանոնների համաձայն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.