Ավստրալիան չեղարկել է Սիրիայում օդային հարվածները դադարեցնելու մասին որոշումը

Ավստրալիայի կառավարությունը չեղարկել է Սիրիայում իր օդային գործողությունների դադարեցման մասին ավելի վաղ ընդունած որոշումը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։

Ավստրալիան ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում Սիրիայում օդային գործողություններին չմասնակցելու մասին հայտարարել էր մի քանի օր առաջ, երբ ամերիկյան կործանիչը խոցել էր Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ-22 ինքնաթիռը, ինչն արժանացել էր ռուսական կողմի խիստ քննադատությանը։

ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում Ավստրալիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է գործողություններին չմասնակցելու որոշումը չեղարկելու մասին լուրը՝ զերծ մնալով որևէ մեկնաբանությունից։

Ներկայումս ԱՄԷ-ում գտնվող Մինհադ ավիաբազայում կա Ավստրալիայի ռազմաօդային ուժերին պատկանող 8 ինքնաթիռ, որոնք մասնակցում են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմբակոծությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.