Աֆղանստանի բանկերից մեկի մոտակայքում տեղի ունեցած պայթյունը 34 մարդու կյանք է խլել

Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգի բանկերից մեկի մոտակայքում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ավելի քան 34 մարդ է զոհվել, 58-ը վիրավոր են. տեղեկացրել են աֆղանական իշխանությունները։

Ոստիկանության աշխատակիցները BBC-ին հայտնել են, որ մեքենան պայթել է Նոր Քաբուլ բանկի Լաշքար Գահի մասնաճյուղի դռան առաջ։

«Թալիբան»-ի գրոհայինները հայտնել են, որ իրենք են տեղադրել պայթուցիկները։

BBC-ի փոխանցմամբ՝ տուժածների թվում են բանկի անվտանգության աշխատակիցները, ինչպես նաև Իդ կրոնական տոնին պատրաստվող գնորդները։

Ավելի վաղ Tolo News-ը հաղորդել էր, որ զինված անձինք ներխուժել են բանկ և փոխհրաձգության մեջ մտել անվտանգության աշխատակիցների հետ։

«Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բազմաթիվ քաղաքացիներ և պաշտոնյաներ հերթ էին կանգնել բանկի դիմաց իրենց աշխատավարձները ստանալու համար»,- AFP լրատվական գործակալությանը հաղորդել է ոստիկանության խոսնակ Սալամ Աֆղանը։

Ինչպես նշում է BBC-ն, վերջին տարիներին Աֆղանստանում բանկերը հաճախ են հարձակման ենթարկվում այն օրերին, երբ քաղաքացիներն ու զինվորականներն աշխատավարձ են ստանում այնտեղից։

Աֆղանստանի նախագահ Աբդուլահ Աբդուլահի խոսնակը թվիթերյան իր էջում գրել էր, որ զոհերի մեծ մասը «անմեղ մարդիկ էին, որոնք առևտուր էին անում Իդի համար»։

Վերջին շաբաթների ընթացքում Աֆղանստանում մի շարք հարձակումներ են իրականցվել, քանի որ Թալիբանն սկսել է այսպես կոչված գարնանային հարձակումների շրջանը։

Հունիսի 18-ին արևելյան Գարդեզ քաղաքում մահամարտ ահաբեկչի պայթեցրած սարքի պատճառով հինգ ոստիկան էր զոհվել, 30 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.