Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը չեն կարողացել խոցել բալիստիկ հրթիռները

Ամերիկյան ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռների խոցմանն ուղղված զորավարժություններ են իրականացրել, որոնք անհաջող ավարտ են ունեցել։ Ինչպես տեղեկացրել է Defence News մասնագիտացված լրատվականը, փորձնական խափանումն իրականացվել է հունիսի 22-ին,  Հավայան կղզիների ափերին տեղակայված SM-3 Block IIA ծովային հակահրթիռային համակարգերի կիրառմամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ John Paul Jones կործանիչը, որը հագեցված է Aegis հետևող և ուղղորդող համակարգով, չի կարողացել կանգնեցնել Կաուաի կղզուց արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռները։ Կործանիչի համակարգերը թիրախավորել են հրթիռները, սակայն դրանք խոցել չի հաջողվել։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հակահրթիռային համակարգերի հարցերով զբաղվող գործակալության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ծրագրի ներկայացուցիչները «զորավարժությունների մասին տեղեկատվության մանրակրկիտ վերլուծություն կանցկացնեն, որից հետո  լրացուցիչ մանրամասներ կհրապարակեն»։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան զինված ուժերը փորձարկել են թշնամու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները չեզոքացնող համակարգը և արդյունքում ոչնչացրել Խաղաղ օվկիանոսից արձակված փորձնական թիրախը։ Այդպիսի փորձարկումներն առաջին անգամ իրականացվել են Հյուսիսային Կորեայի շարունակական հրթիռային արձակումներին ընդառաջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.