Էրդողանն աջակցում է արաբական երկրների պահանջների վերաբերյալ Կատարի դիրքորոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համակարծիք է Կատարի իշխանությունների հետ՝ կապված դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու համար արաբական երկրների կողմից առաջարկված պահանջների անպատեհության հետ. այս մասին տեղեկացրել է «Ռոյթերս» գործակալությունը:

«Թեև նրանք մեզ չեն ներկայացրել իրենց պահանջները, բայց խնդրել դուրս բերել թուրքական զորքերը Կատարից վիրավորական է Թուրքիայի համար»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է գործակալությունը:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ արաբական երկրների կողմից Կատարին ներկայացված պահանջները խախտում են միջազգային իրավունքը:

«Եթե խոսքն այդ 13 պայմանների մասին է, ապա մենք աջակցում և միանում ենք Կատարին: Այդ ցուցակը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- ընդգծել է Էրդողանը:

Ավելի վաղ Կատարի կառավարությունը արաբական երկրների պահանջներն անիրականանալի էր անվանել՝ նշելով, որ դրանք ոչ մի կապ չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ, և դրանց հիմնական նպատակը երկրի ինքնիշխանությունը սահմանափակելն է:

Նշենք, որ ավելի վաղ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը Դոհային 13 պայման էին ներկայացրել՝ շրջափակումը վերացնելու համար: Տեղեկությունների համաձայն՝ դրանց թվում են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը և երկրում թուրքական ռազմաբազայի փակումը: Բացի այդ Կատարը պարտավորվում է տուգանք վճարել պահանջները ներկայացրած երկրներին: Այս պահանջների ցուցակը Կատարին է փոխանցվել Քուվեյթի միջոցով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.