Նոր համակարգչային վիրուսը հասել է Եվրոպա

Համակարգչային դրամաշորթ վիրուս Petya-ն վարակել է Էստոնիայի և Լեհաստանի համակարգիչները. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

«Էստոնիայում փակվել են Saint-Gobain ֆրանսիական կոնցերնին պատկանող Ehituse ABC շինարարական խանութների ցանցի բոլոր 11 մասնաճյուղերը»,- տեղեկացրել է ընկերության ղեկավարության անդամ Անտոն Քուսթերը:

«Այժմ մենք զբաղվում ենք այդ խնդրի լուծմամբ: Մենք տեղայնացված համակարգչային ցանցեր ունենք տվյալների պաշտպանության համար: Երբ խնդիրը լուծված լինի, մենք անմիջապես կտեղեկացնենք հաճախորդներին: Այժմ Ehituse ABC-ի բոլոր խանութները փակ են»,- Քուսթերի խոսքերը փոխանցում է էստոնական Delfi լրատվական հարթակը:

Լեհաստանում վիրուսը վարակել է սպասարկաման ոլորտի ընկերությունների ցանցերը: Հարձակման մասին տեղեկությունները հաստատել է Exatel անվտանգության ծառայությունների կառավարման բյուրոյի պետ Յակուբ Սիտան: Նրա խոսքերով՝ վնասի չափը դեռ հայտնի չէ: Երկրի վարչապետ Բեատա Շիդլոն կիբերհարձակումների հետ կապված ճգնաժամային շտաբի նիստ է հրավիրել:

«Microsoft ընկերությունը հետաքննություն է անցկացնում նոր վիրուսի տարածման հետ կապված. ընկերության աշխատակիցները պատրաստ են օգնություն ցույց տալ տուժած օգտատերերին»,- Ռիա Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանում ընկերության մամլո քարտուղար Քրիստինա Դավիդովան:

Դրամաշորթ վիրուսի հարձակումներն սկսվել են երեկ՝ հունիսի 27-ին և վարակել մի քանի երկրների ընկերությունների ՏՏ-համակարգերը՝ հիմնական հարվածը հասցնելով Ուկրաինային: Հարձակման են ենթարկվել նավթային, էներգետիկ, հեռահաղորդակցական, դեղագործական ընկերությունների, ինչպես նաև պետական մարմինների համակարգիչներ:

Group-IB ընկերությունից տեղեկացնում են, որ վիրուսն արգելափակում է համակարգիչները և 300 դոլար պահանջում բիթքոիններով: Ընկերության հաշվարկներով՝ դրամաշորթ ցանցահենների հաշվեհամարին մոտավորապես 2,7 հազար դոլար է փոխանցվել:

ESET հակավիրուսային ընկերության տվյալներով՝ հարձակումն սկսվել է Ուկրաինայից, որն էլ ամենաշատն է տուժել դրանից: Նրան հաջորդում են Իտալիան և Իսրայելը: Առաջին տասնյակում են Սերբիան, Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանը, Արգենտինան, Չեխիան և Գերմանիան. Ռուսաստանն այդ ցուցակում 14-րդն է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.