Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Petya վիրուսի տարածման մեջ մեղադրում է ռուս ցանցահեններին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կապ ունեն Petya.A  համակարգչային վիրուսի տարածման հետ, որի պատճառով տուժել են ուկրաինական մի շարք բանկեր և ընկերություններ։ Այս մասին հուլիսի 1-ին հայտարարել է ուկրաինական անվտագության ծառայության մամուլի բաժինը։

«Տվյալները, որոնք ստացվել են միջազգային հակավիրուսային ընկերությունների հետ համագործակցության արդյունքում, թույլ են տալիս մտածել, որ կիբերհարձակման հեղինակներն այն նույն ցանցահեններն են, որոնք օգտագործել են "TeleBots" և "Blackenergy" ծրագրերը Ուկրաինայի ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վրա 2016 թ․ հարձակման ժամանակ։ Սա նշանակում է, որ հարձակման հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները», - ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հունիսի 27-ին իրականացված կիբերհարձակումը նպատակ ուներ ապակայունացնել երկրի հասարակական և քաղաքական իրավիճակը։

«Վիրուսի տարածումը նպատակ ուներ կարևոր տվյալներ ոչնչացելու միջոցով խաթարել Ուկրաինայի պետական և մասնավոր կարևորագույն ենթակառուցվածքները և այդպիսով խուճապ տարածել հասարակության մեջ», - պնդում են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։

Հիշեցնենք, որ Petya համակարգչային դրամաշորթող վիրուսն սկսել էր տարածվել հունիսի 27-ին Ուկրաինայից՝ վարակելով երկրի նավթային, էներգետիկ, հեռահաղորդակցական, դեղագործական ընկերությունների, ինչպես նաև պետական մարմինների համակարգիչներ:

Group-IB ընկերությունից տեղեկացնում են, որ վիրուսն արգելափակում է համակարգիչները և 300 դոլար պահանջում բիթքոիններով: Ընկերության հաշվարկներով՝ դրամաշորթ ցանցահենների հաշվեհամարին մոտավորապես 2,7 հազար դոլար է փոխանցվել:

Համակարգչային վիրուսից տուժել են նաև Իտալիան և Իսրայելը: Առաջին տասնյակում են Սերբիան, Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանը, Արգենտինան, Չեխիան և Գերմանիան. Ռուսաստանն այդ ցուցակում 14-րդն է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.