ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հակահարված են տվել Փհենյանի հրթիռային փորձարկմանը

Ամերիկյան և հարավկորեական զինված ուժերը, ի պատասխան Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը, համատեղ զորավարժություններ են անցկացրել. այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի բանակի հայտարարությանը:

Երկու երկրների զինվորականները հրթիռներ են արձակել Հարավային Կորեայի ջրային տարածքներում: Գործի են դրվել ամերիկյան ռազմավարական հրթիռային համակարգերը (ATACMS) և հարավկորեական Hyunmoo II հրթիռները:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կառավարությունը հայտարարել էր, որ հուլիսի 4-ին փորձարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը հզոր միջուկային մարտագլխիկ ունի: Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր հերթին հաստատել էր Փհենյանի մտադրությունը՝ կապված այնպիսի հրթիռի ստեղծման հետ, որով այս տարի  կկարողանա հարված հասցել ԱՄՆ-ի ցամաքային տարածքին:

Վաշինգտոնի, Սեուլի և Տոկիոյի խնդրանքով՝ այսօր՝ հուլիսի 5-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ է հրավիրվելու: Նստաշրջանի ընթացքում քննարկվելու է հյուսիսկորեական հրթիռի փորձարկումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները տեղեկացրել էին նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Փհենյանի տվյալների համաձայն՝ նախկինում չփորձարկված «Հվասոն-14» հրթիռի թռիչքի հեռավորությունը 933 կմ է եղել, բարձրությունը՝ 2802 կմ, այն ճշգրիտ խոցել է թիրախը մեկնարկից 39 րոպե հետո:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.