Ուկրաինայում կանխվել է Petya վիրուսի հարձակման երկրորդ ալիքը

Ուկրաինայի իրավապահ մարմինները կանգնեցրել են երկրում նախորդ շաբաթ կառավարության, խոշոր բանկերի և տրանսպորտային ընկերությունների աշխատանքը կաթվածահար արած Petya համակարգչային վիրուսի տարածման երկրորդ ալիքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, տեղեկացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Կիբերոստիկանության բաժանմունքի հատուկ գործակալները Ուկրաինայի Անվտանգության ծառայության և դատախազության հետ համատեղ դադարեցրել են Petya կիբերհարձակման երկրորդ փուլը: Հարձակման գլխավոր ժամը տեղի ժամանակով 16:00-ն էր: Այս սկսվել էր 13:40-ին, իսկ մինչև 15:00 կիբերոստիկանությունն արգելափակել էր հղումը և վիրուսի ակտիվացումը M.E.DOC տեղեկատվական համակարգի սերվերներից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 4-ին Ուկրաինայի ոստիկանությունն առգրավել է M.E.DOC ուկրաինական ընկերության սարքավորումները, որն զբազվում է երկրում հարկային վարչարարության համար ամենահայտնի ծրագրի մշակմամբ: Ուկրաինայի ՆԳՆ-ի կիբերոստիկանության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Դեմեդյուկի փոխանցմամբ՝ քննչական գործողությունները կապված են եղել առաջին կիբերհարձակման հետ: Քննիչները կարծում են, որ վիրուսի տարածման սկզբնաղբյուրն ընկերության ուղարկած թարմացումներն են եղել: Մինչդեռ M.E.DOC-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց սերվերները ցանցահենների կողմից հարձակման չեն ենթարկվել և տարածված թարմացումները վիրուսներ չեն պարունակել:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին համաշխարհային հաքերային հարձակում է իրականացվել՝ Petya դրամաշորթ վիրուսի օգտագործմամբ: Մասնագետների գնահատմամբ՝ վիրուսը հարձակում է գործել մոտ 80 ընկերությունների վրա, որոնց մեծ մասը՝ ուկրաիական: Ռուսաստանում հարձակման են ենթարկվել «Ռոսնեֆտ», «Բաշնեֆտ», «Mars», «Nivea» և «Mondelez International» ընկերությունները: Վիրուսն արգելափակում է օպերացիոն համակարգի մեկնարկը, իսկ աշխատանքի վերսկսման և ֆայլերի գաղտնազերծման համար 300 դոլար է պահանջում բիթքոիններով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.