ԿՀՎ-ի ղեկավարը հայտարարել է Դամասկոսի կողմից քիմիական զենք կիրառելու ապացույցներ ունենալու մասին

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ծանրակշիռ ապացույցներ ունեն Սիրիայի իշխանությունների կողմից ապրիլի 4-ին Հան Շեյհունում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն։

Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո նախագահ Թրամփը հրահանգել էր պարզել դեպքի մանրամասները, ամերիկյան հետախուզական ծառայություններն էլ սկսել էին համագործակցել գործընկերների հետ՝ «իրականությունն իմանալու համար»։

«Ես նրան (նախագահ Թրամփին, - խմբ․) ասել եմ, որ հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ քիմիական հարձակման հետևում կանգնած են Սիրիայի իշխանությունները։ Իմանալով, որ ապացույցները ծանրակշիռ են՝ ես նախագահին հայտնեցի, որ մենք համոզված ենք դրանում», - ասել է ԿՀՎ-ի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, որ Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակման հետևանքով զոհվել է 80 մարդ, տարբեր աստիճանի թունավորումներ են ստացել ավելի քան՝ 200-ը։ Ընդդիմությունը հարձակման համար մեղադրում էր կառավարական ուժերին, որոնք էլ իրենց հերթին, հերքելով մեղադրանքները, տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում էին զինյալների և նրանց հովանավորող ուժերի վրա։ Սիրիայի կառավարական ուժերը հայտարարում էին նաև, որ երբեք քիմիական զենք չեն կիրառել ոչ խաղաղ բնակչության, ոչ էլ ահաբեկիչների նկատմամբ, իսկ քիմիական զենքի ողջ արսենալը երկրից հանվել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Քիմիական զենքն արգելող կազմակերպության կողմից։

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն սիրիական երկարամյա հակամարտության ընթացքում առաջին անգամ հրթիռակոծել էր Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրթիռակոծման հրամանն ինքն է տվել։ Նրա խոսքով՝ «այս հարվածը պատասխանն էր ապրիլի 4-ին Իդլիբում կառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենքի կիրառման»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.