ՌԴ-ն հույս ունի, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել. Սերգեյ Լավրով
Մոսկվան հույս ունի, որ Բրյուսելի հետ երկկողմ հարաբերություններն աստիճանաբար կվերադառնան իրենց բնականոն հունին. այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով արտաքին գործերի և անվտանգության քաղաքաղականության հարցերով գլխավոր եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցությունները:
«Կցանկանայի հանդիպման համար շնորհակալություն հայտնել Ֆեդերիկա Մոգերինիին: Իմանալով, որ ես երկկողմ այցով Բրյուսելում եմ՝ նա անմիջապես ցանկացել է հանդիպել ինձ հետ: Ես մեծ հաճույքով համաձայնեցի»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով՝ Մոսկվան և Բրյուսելը համակարծիք են պարբերական շփումների անհրաժեշտության հարցում: «Հատկապես այն իրավիճակում, երբ Եվրամիության մեր գործընկերները հայտնի, սակայն, իմ կարծիքով, բոլորովին անհեռատեսական պատճառներով սառեցրել են ՌԴ-ի և Բրյուսելի միջև գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմներից շատերը»,- նշել է Լավրովը:
«Այդուհանդերձ կապը պահպանվում է: Երկու կողմերն էլ գիտակցում են, որ ամեն դեպքում մենք հարևաններ ենք և անհրաժեշտ է մեր մեջ ծագած հարցերը լուծել փոխադարձ համաձայնության միջոցով: Կարծում եմ՝ իրավիճակն աստիճանաբար իր հունով կընթանա»,- նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը տեղեկացրել է, որ Մոգերենիի հետ քննարկել է միջազգային հարթակում Մոսկվայի և Բրյուսելի համագործակցությունը: «Մենք հասկանում ենք տարբեր ճգնաժամերի հաղթահարմանը մասնակցություն ունենալու Եվրամիության ձգտումները: Ողջունում ենք Եվրամիության մեր գործընկերների այդ ցանկությունը և տրամադրվածությունը: Միջազգային հարցերի մեծ մասի դեպքում մեր շահերից է բխում կարծիքների փոխանակումը, երկխոսության սահմանումը և ճգնաժամերի կարգավորմանն ուղղած գործնական քայլերի կիրառումը»,- ասել է նա:
Նշենք, որ 2014թ. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ղրիմի՝ Ռուսաստանին միավորման պատճառով: Դադարեցվել են առանց մուտքի արտոնագրի ռեժիմի և համագործակցության նոր հիմնարար համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, արգելվել է մի շարք ռուս պաշտոնատար անձանց մուտքը ԵՄ-ի երկրներ, սառեցվել են նրանց բաժնետոմսերը, սահմանափակումներ են կիրառվել առևտրային, ֆինանսական և ռազմական բնույթի միջոցառումների վրա: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների ցուցակում ներառված է 151 մարդ և 37 իրավաբանական անձ, 20 ռուսական ֆինանսական, նավթի արդյունահանման և պաշտպանական կառույցներ: