Թիլերսոնը վերադառնում է Կատար էմիրի հետ հանդիպելու համար

Սաուդյան Արաբիայի և Դոհայի հետ լարված հարաբերություններ ունեցող մյուս արաբական երկրների առաջնորդների հետ քննարկումներն ավարտելուց հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը վերադարձել է Կատար՝ 37-ամյա էմիրի հետ բանակցություններ անցկացնելու համար. գրում է abc News-ը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի ճամփորդությունները դեռևս ոչ մի առաջընթաց չեն գրանցել Պարսից ծոցի երկրների միջև աճող լարվածության հարցում:

Քուվեյթ կատարած այցից հետո Թիլերսոնը քննարկումներ է ունեցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, որի արդյունքում հակաահաբեկչական դաշնագիր է ստորագրվել:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը խզեցին Կատարի հետ օդային, ջրային և ցամաքային կապերը՝ նրան մեղադրելով ծայրահեղականներին աջակցելու մեջ: Մինչև այժմ քառյակը չի նշել, որ պատրաստ է հրաժարվել իր ծանրակշիռ որոշումից: Սաուդյան Արաբիա ժամանելուց մի քանի ժամ առաջ նրանք նշել են, որ հակաահաբեկչական դաշնագիրը «բավարար չէ» սահմանափակումները մեղմացնելու համար:

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել է թագավոր Սալմանի և նրա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի, ինչպես նաև քառյակի արտգործնախարարների հետ: Նրանց բանակցությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանվել, սակայն հավանական է, որ Թիլերսոնը ճնշել է նրանց՝ Կատարին ներկայացված պահանջներից մի քանիսը մեղմացնելու համար:

Նշենք, որ հունիսի վերջին չորս երկրները Կատարին 13 պահանջ էին ներկայացրել՝ հարաբերությունները վերսկսելու համար, որոնք, սակայն, չէին ընդունվել Դոհայի կողմից:

«Մենք հաստատում ենք, որ ձեռնարկված միջոցառումները հիմնավորված են Կատարի իշխանությունների կողմից ահաբեկիչներին աջակցելու, ֆինանսավորելու և թաքցնելու շարունակական և բազմաբնույթ գործունեությամբ, ինչպես նաև հարևան երկրների ներքին գործերին միջամտելով և թշնամական, ծայրահեղական հռետորաբություն տարածելով»,- համատեղ մամլո ասուլիս ընթքացքում հայտարարել են չորս երկրների ներկայացուցիչները:

«Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները դժվար են ընթացել, քանի որ ի սկզբանե Թիլերսոնը Կատարի կողմից էր: Նա պետք է գիտակցի, որ ավելի է բարդացնում արդեն իսկ դժվարին ճգնաժամը»,- ասել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Աբդուլրահման ալ Ռաշիդը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.