Ամերիկացի սենատորը Սաուդյան Արաբիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ահաբեկիչներին ավելի շատ աջակցություն է ցույց տալիս, քան Կատարը. այս մասին տեղեկացնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, որը վերջերս հակամարտության մեջ է Էր Ռիադի հետ:

«Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչության աջակցությունը գերազանցում է Կատարի գործողություններին»,- Քորքերի խոսքերը մեջբերում է հետուստաընկերությունը: Ինչպես նշում է «Ալ Ջազիրա»-ն, ազդեցիկ սենատորի խոսքերը հնչել են սաուդական Ջիդդա քաղաքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Կատարի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած չորս երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Բահրեյնի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

Քորքերը հիասթափություն է հայտնել Կատարի հակամարտության հարցում Սաուդյան Արաբիայի և նրա գործընկերների գործողությունների առիթով և կարծիք հայտնել, որ այդ քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի նոր թագաժառանգ արքայազնի Մուհամեդ բեն Սալմանի սխալն է:

Հունիսի վերջին սենատորը հայտարարել էր, որ կկասեցնի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամներին (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա) զենքի տրամադրումը՝ Կատարի շուրջ ծագած իրավիճակի պատճառով, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել:

Նշենք, որ հունիսի 5-ին Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Եմենը, Լիբիան, Մալդիվները և Մավրիկին հայտարարել էին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին՝ դա բացատրելով էմիրատի կողմից ահաբեկչությանը և ծայրահեղականությանն աջակցելու և հարևան երկրների նեքին գործերին միջամտելու փաստով:

Հունիսի 22-ին չորս արաբական երկրներ Կատարին 13 պահանջներ էին ներկայացրել, որոնք Դոհայում անիրականանալի են համարել՝ նշելով, որ դրանք ոչ մի կապ չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ և նպատակադրված են երկրի ինքնիշխանությունը սահմանափակելուն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.