Խորհրդարանական ընտրություններից հետո Ավստրիան կառաջնորդի Արևելյան Եվրոպային՝ ընդդեմ Բեռլինի

Աշնանն Ավստրիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են արմատական փոփոխություն մտցնել եվրոպական քաղաքականության մեջ: Երկրի բոլոր առաջատար քաղաքական ուժերը դեմ են փախստականների ընդունմանը և կողմ՝ Գերմանիայի ու Անգելա Մերկելի հետ հարաբերությունների սառեցմանը: Հատկապես հավակնոտ պլաններ ունի գործող արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: Նրա ղեկավարած Ազգային կուսակցության հաղթանակի դեպքում Վիեննան կմտերմանա Բուդապեշտի, Պրահայի, Բրատիսլավայի և Վարշավայի հետ: Կենտրոնաեվրոպական դաշինքը կարող է Վիեննային դարձնել Եվրոպայի իշխող քաղաքական կենտրոններից մեկը. գրում է Ռիա Նովոստի-ն:

Նշենք, որ երկու հիմնական տնտեսական գործընկերները՝ Ավստրիան և Գերմանիան, մտերիմ դաշնակիցներ էին մինչև 2016 թ. սկիզբը: Ավստրայի կանցլեր Վերներ Ֆայմանը կանգնել էր միգրացիոն ճգնաժամի առաջ՝ հաստատելով ավելի քան մեկ միլիոն մերձարևելյան ներգաղթյալների ընդունման ծրագիրը: Նրանցից տասնյակ հազարավորները հանգրվան գտան Ավստրայում, իսկ մյուները՝ Շվեդիայում:

Հասարակական կարծիքի ճնշման տակ Ֆայմանը հայտարարեց արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության մասին՝ ընդունելով «միգրացիոն արտակարգ դրություն»: Այդ պահից սկսած Վիեննան հրաժարվել է նոր փախստականներ ընդունելուց և փորձել մտերմանալ Արևելյան Եվրոպայի երկրների հետ, որոնց միջոցով՝ այսպես կոչված «բալկանյան ճանապարհով», 2015-2016 թ․թ. ներգաղթյալներն անցել են Եվրոպա:

Արևելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցությունը Ավստրայի պատմական անցյալի մասն է, որը դեռևս 99 տարի առաջ իր կազմում ներառում էր հունգարական, չեխական, սլովակական, խորվաթական և լեհական հողեր: Նախկին սոցիալիստական երկրների՝ Եվրամիություն մուտք գործելուց հետո Ավստրիայի հետ առևտրաշրջանառությունը կայուն կերպով աճել է:

Տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ ընդունած և իր դիրքորոշումը փոխած Ավստրայի վիճակը բացառիկ է: Մինչ միգրացիոն ծրագրից հրաժարված Լեհաստանը և Հունգարիան կարող են պատժամիջոցների ենթարկվել ԵՄ-ի կողմից, Ավստրիային դա չի սպառնում: «Մենք կատարել ենք բոլոր պարտավորությունները և Բրյուսելից մեղմացում ենք ակնկալում»,- ասել է Ավստրայի ներկայիս կանցլեր Քրիստիան Քերնը:

Գերմանիայում արդեն սպասում են ամենամտերիմ հարևանի շրջադարձին դեպի Արևելյան Եվրոպա և զգուշությամբ են պատրաստվում դրան: Գերմանական Die Welt թերթի լրագրողների վերլուծության համաձայն՝ եթե ընտրությունների ֆավորիտը՝ Կուրցը, հաղթանակ տանի, նա կարող է ոգեշնչել իր երկրին դաշինք կազմել Անգելա Մերկելի դեմ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.