«Դոկտոր վեբ» ընկերությունը կոչ է անում զգուշանալ հանրային ծառայությունների կայքում հայտնված վնասակար կոդից

«Դոկտոր վեբ» հակավիրուսային ծրագրերի մշակման ընկերությունը Ռուսաստանի հանրային ծառայությունների հարթակում պոտենցիալ վնասակար կոդ է հայտնաբերել. այս մասին ասվում է ընկերության կայքում:

Gosuslugi.ru  կայքում անհայտ անձանց կողմից ներմուծված կոդն օգտատիրոջ բրաուզերին ստիպում է կապվել դոմեյնի հասցեներից մեկի հետ, որը գրանցված է անհայտ անձի անվան տակ: «Դոկտոր վեբ»-ի մասնագետները գտել են ավելի քան 15 այդպիսի հասցե: Դրանց սեփականտերերը կարող են ցանկացած պահի վնասակար կոդ տեղադրել, որով կկարողանան վարակել կայքի այցելուի համակարգիչը կամ էլ գողանալ նրանց անձնական տվյալները:

Ռիա Նովոստի-ն տեղեկացնում է, որ այս տեղեկատվությունը փոխանցվել է կայքի տեխնիկական աջակցության ծառայություն: «Դոկտոր վեբ»-ը հարթակի օգտատերերին խորհուրդ է տվել զգուշություն ցուցաբերել:

«Կասպերսկու լաբարատորիա»-ում նշել են, որ հանրային ծառայությունների հարթակում հայտնաբերված վիրուսը 2015 թ.-ից գովազդների տեսքով հայտնվել է համացանցում: Ընկերության մամլո ծառայությունում հայտնել են, որ կոդը «նոր կայքերի հղումներ է բացում, որոնք օգտատերը չի տեսնում»:

Կապի և տրանսպորտի նախարարությունում Ռիա Նովստի-ին տեղեկացրել են, որ պոտենցիալ սպառնալիքն աննշան է և այն կվերացվի մոտ ժամանակներս: «Օգտատերերի համար ոչ մի բացասական հետևանք չի ակնկալվում»,- հայտարարել են նախարարությունում:

«Ռոստելեկոմ»-ում ընդգծել են, որ հարթակի օգտատերերի շահերը չեն տուժի: Նրանք կիբերանվտանգության հարթակի ստուգումներ են իրականացնում՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.