Ռուսերենը հոյակապ լեզու է, բայց պետական կարգավիճակ չի ստանա. Արմեն Աշոտյան

Ռուսերենը չի ստանա պետական լեզվի կարգավիճակ Հայաստանում, Երևանի օրակարգում այդ հարցը քննարկման ենթակա չէ. այս մասին «Sputnik Հայաստան»-ի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որը ներկա պահին որպես հայկական պատվիրակության անդամ գտնվում է Մոսկվայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենը դարձնել պետական լեզու, որպեսզի ազգային վարորդական վկայականները վավերական լինեն Ռուսաստանի տարածքում:

«Ցանկանում եմ նշել, որ այս անառողջ քննարկումները մեծամասամբ ծագել են ԶԼՄ-ների վրիպման պատճառով, որոնք միայն Վոլոդինի առաջարկն են տարածել՝ չհիշատակելով հայկական կողմի հիմնավորման մասին: Ընդ որում, ելույթի ժամանակ ես բարձրաձայնել եմ մեր դիրքորոշումը: Ռուսերենը մեզ համար համաշխարհային նշանակություն ունեցող լեզու է, սակայն մեր օրակագուրմ չկա և չի էլ լինի ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տրամադրելու և այն Սահմանադրությամբ ամրապնդելու մասին»,- ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ այլ ձևաչափով հայկական վարորդական իրավունքների ճանաչման վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվելու են:

Նշենք, որ հուլիսի 1-ից արտասահմանյան վարորդական վկայականներով քաղաքացիներն այլևս իրավունք չունեն որպես պրոֆեսիոնալ վարորդներ աշխատել Ռուսաստանում: Օրենքն ընդունվել է ռուսական ճանապահներին այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցող վթարների թվի ավելացման պատճառով: Օրենքի խախտման դեպքում առանց ռուսական վարորդական իրավունքի անձինք կտուգանվեն 50 հազար ռուբլիով: Սակայն այս որոշումը չի վերաբերում Բելառուսի և Ղրղզստանի քաղաքացիներին: Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ երկու երկրների քաղաքացիները ռուսերենով են յուրացրել ճանապարհային երթևեկության կանոները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.