Թուրքական լրատվական գործակալությունը տվյալներ է գաղտնազերծել Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների մասին

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը տվյալներ է հրապարակել Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրերի մասին։

Աղբյուրի հայտնած տվյալների համաձայն՝ Ռմեյլան շրջանում և Էլ Հասակի նահանգում գտնվող ամերիկյան երկու ավիաբազաները գործում են 2015 թվականից։ 2016 թվականից ուղղաթիռների վայրէջքի համար գործում է Հարաբ Իսկ նահանգի Այն ալ Արաբ քաղաքի ավիաբազան, որը ծառայում է որպես Սիրիայի քրդական զորամիավորումներին զենք մատակարարելու հիմնական երթուղի։

Բացի սրանցից, նշվում է նաև Էլ Հասակիում գտնվող ևս երկու ռազմաբազայի մասին։ Նրանցից մեկում կա ամերիկացի մոտ 100 զինծառայող, իսկ մյուսում՝ 150: Լրատվականի հավաստմամբ՝ Մանբիջ քաղաքում կա ամերիկյան ևս երկու ռազմաբազա, որտեղից իրականացվում է Սիրիայի ազատ բանակի դեմ գործողությունների համակարգումը։

Նշվում է նաև, որ Ռաքքայում գտնվող ամերիկյան երեք ռազմաբազաներից երկուսում կան ոչ միայն ամերիկացի, այլև ֆրանսիացի զինծառայողներ։ Երրորդ ռազմաբազան օգտագործվում է քրդական ուժերին տեխնիկական աջակցություն ցույց տալու համար։

Լրատվականի պնդմամբ՝ ամերիկյան ռազմաբազաները համարվում են փակ և գաղտնի տարածքներ։ Զիծառայողներն այնտեղ պատրաստում են ավիահարվածներ․ կան նաև զորամիավորումներ, որոնք մասնակցում են ակտիվ ռազմական գործողություններին։

«Ամերիկյան ռազմաբազաները հագեցած են հրետանային ժամանակակից մարտկոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, հետախուզական գործողություններ կատարելու համար նախատեսված բջջային սարքավորումներով», - գրում է «Անադոլու»-ն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.