Թրամփը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ «գաղտնի զրույցից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times թերթին տված հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչ է քննարկել Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի ընթացքում տեղի ունեցած ոչ պաշտոնական զրույցի ժամանակ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Համբուրգում Թրամփը և Պուտինը ևս մեկ «գաղտնի» հանդիպում են ունեցել։ Լրագրողների պնդմամբ՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

«Թրամփն ասել է, որ իրենք շփվել են մոտ 15 րոպե՝ հիմնականում փոխանակվելով հաճոյախոսություններով», - գրում է New York Times-ը։

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ընթրիքի ժամանակ իր կինը՝ Մելանյան, Պուտինի հետ նստել էր սեղանի մյուս կողմում, որտեղ հավաքվել էին «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդները։

«Ընթրիքի վերջում, երբ մատուցվում էր աղանդեր, ես ուղղակի մոտեցա Մելանյային ողջունելու և, քանի որ Պուտինն էլ էր այնտեղ, նրան էլ ողջունեցի։ Մենք ընդամենը փոխանակվել ենք հաճոյախոսություններով։ Դա երկար շփում չէր, հնարավոր է՝ 15 րոպե։ Հետաքրքիր է, որ մենք խոսեցինք նաև երեխաներ որդեգրելուց», - ասել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ այդ թեման բարձրացվել է իր որդու և ռուս փաստաբան Նատալիա Վեսելնիցկայի միջև 2016 թ․ կայացած հանդիպման ժամանակ։ ԱՄՆ-ի առաջնորդի խոսքով՝ ինքը կարիք չի ունեցել Հիլարի Քլինթոնի մասին տեղեկություններով փոխանկվելու։

«Հազիվ թե լինի ավելի վատ բան, քան Քլինթոնի մասին իմ ասած խոսքերը։ Եթե, իհարկե, ինչ-ոչ մեկը չասի, որ Քլինթոնն իրեն մեջքից կրակել է», - ավելացրել է Թրամփը։

«Գաղտնի զրույցի» մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունից հետո Սպիտակ տունը և անձամբ նախագահը մեղադրեցին լրագրողներին «անհեթեթ ակնարկներ» անելու մեջ։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահները երկու ժամանոց պաշտոնական հանդիպումից բացի ունեցել են միմյանց հետ կրկին շփվելու բազմաթիվ հնարավորություններ։ «Որևէ «գաղտնի հանդիպում» նրանց միջև չի եղել», - ասել է Պեսկովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.