Արաբական չորս երկրները կրճատել են Կատարին ներկայացված պահանջների ցուցակը. WSJ

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը վերանայել և կրճատել են դիվանագիտական ճգնաժամի կարգավորման համար Կատարին ներկայացված պահանջների ցուցակը. ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլլա ալ-Մուալիմիի հայտարարությունը փոխանցում է The Wall Street Journal-ը:

Թերթի տվյալներով՝ չորս երկրների դիվանագետները տեղեկացրել են լրագրողներին, որ կրճատել են իրենց 13 պահանջները՝ թողնելով վեց ընդհանարցված «սկզբունք»:

«Իհարկե մենք պատրաստ ենք փոխզինջման գնալ, սակայն այս վեց սկզբունքների նկատմամբ ոչ մի զիջում չի լինի»,- հայտարարել է ալ-Մուալիմին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ցուցակում առավել հատկանշական փոփոխություններից են եղել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակման, ինչպես նաև երկրից կասկածելի անձանց, օրինակ՝ ծայրահեղական իսլամական հայացքներով աստվածաբանի աքսորման պահանջների  չեղարկումը: Բացի այդ, նոր ցուցակում չեն նշվում պահանջների կատարման սեղմ ժամկետները. առավել լայն մոտեցում է կիրառվում: Երկրները Կատարից պահանջում են զերծ մնալ բռնության հրահրումից, ինչպես նաև ահաբեկչությանը տարածաշրջանային և միջազգային աջակցություն ցուցաբերելուց՝ հավատարիմ մնալով 2013 թ. և 2014 թ. արաբական երկրների հետ կնքած հակաահաբեկչական համաձայնագրերին:

ՄԱԿ-ում Կատարի մշտական ներկայացուցիչ Ալիյա Ալ Թանին քառյակի նոր պահանջները գնահատել է որպես միջազգային ճնշման պայմաններում սեփական դեմքը չկորցնելուն և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլ: Այնուամենայնիվ, խմբագրության փոխանցմամբ, երկու կողմերն էլ հույս են հայտնել տարածաշրջանային միջնորդության միջոցով հակամարտության լուծման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով հարևան երկրների ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ: Հունիսի վերջին այս չորս երկրները Կատարին էին ներկայացրել ճգնաժամից դուրս գալու 13 պահանջ, որոնք սակայն չէին ընդունվել էմիրության կողմից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.