Թրամփը որոշել է դադարեցնել սիրիական ընդդիմությանը զինելու ԿՀՎ-ի ծրագիրը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից՝ կառավարական զորքերի դեմ կռվող այսպես կոչված սիրիական չափավոր ընդդիմությանն աջակցելու և զինամթերք տրամադրելու ծրագիրը. այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմում եղած աղբյուրներին:

Խմբագրությունը ենթադրում է, որ սա կարող է փաստացի քայլ լինել Ռուսաստանին ընդառաջ, որն աջակցում է Սիրիայի գործող իշխանությանը: Աղբյուրների համաձայն՝ Թրամփն այս որոշումն ընդունել է մոտ մեկ ամիս առաջ՝ վարչության պետ Մայք Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով իր օգնական գեներալ Հերբերթ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո՝ Համբուրգում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նախօրեին:

Թերթը պարզաբանում է, որ Բաշար Ասադի դեմ հանդես եկող ապստամբների աջակցության ծրագրի կասեցումը Սիրիայի հարավարմուտքում հրադադարի մասին համաձայնագրի կնքման նախապայմաններից չի եղել:

WP-ի այլ աղբյուրների տվյալների համաձայն՝ Թրամփի որոշումն աջակցություն է ստացել Հորդանանի կողմից, որի տարածքում էլ իրականացվում է զինյալների որոշ ջոկատների պատրաստումը: Ինչպես նշվում է, այս քայլը ներկայիս վարչակազմի առավել հիմնավոր ռազմավարության մասն է կազմում, որն ուղղված է Ռուսաստանի հետ Սիրիայում հրադարարի հաստատման համաձայնագրի կնքմանը:

«Սա շատ կարևոր որոշում է: Պուտինը հաղթեց Սիրիայում»,- գաղտնիության պայմանով թերթին հայտնել է ներկայիս վարչակազմի ներկայացուցիչը:

Ընդդիմության ջոկատներին ԿՀՎ-ի աջակցության ծրագիրը, որը մեկնարկել 2013 թ., Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Ասադին ճնշելու քաղաքականության առանցքն էր, սակայն, ինչպես նշում է խմբագրությունը, «անգամ դրա կողմնակիցներն սկսեցին թերահավատորեն մոտենալ դրա արյունավետությանը, երբ Ռուսաստանն իր զորքերը Սիրիա ուղարկեց»:

Միևնույն ժամանակ, մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնել, որ ԿՀՎ-ի ծրագրի կասեցումը կարող է ձեռնտու լինել ծայրահեղականներին և վնասել ԱՄՆ-ի հեղինակությանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.