Թուրքիան ավարտեց զինվորականների փոխադրումը Կատարի ռազմաբազա

Կատարի մայրաքաղաք Դոհայի ռազմաբազա է ժամանել թուրք զինվորականների թվով արդեն 6-րդ ջոկատը, որը բաղկացած է 28 հրետանավորներից։ Այսպիսով՝ Թուրքիան ավարտեց իր զինծառայողների՝ Կատար տեղափոխման գործընթացը․ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Արաբական այս երկրում թուրք զինվորականների կոնկրետ թվի մասին, սակայն, տեղեկություններ չեն հաղորդվում։

Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին որոշումը կայացվել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման մասին 2014 թ․ կնքված համաձայնագրով։

Հատկանշական է, որ արաբական երկրների և Կատարի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամի հաղթահարման համար Դոհային ներկայացված պահանջների ցանկում եղած կետերից մեկով պետք է դադարեցվեր Թուրքայի հետ ռազմական համագործակցությունը։ Երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ չեն պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունն այս ոլորտում։

Նշենք, որ ավելի վաղ Կատարի հետ դիվանագիտական կապերը խզած Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը Դոհային 13 պայման էին ներկայացրել՝ շրջափակումը վերացնելու համար: Տեղեկությունների համաձայն՝ դրանց թվում էին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը և երկրում թուրքական ռազմաբազայի փակումը: Այս պահանջների ցուցակը Կատարին է փոխանցվել Քուվեյթի միջոցով։

Ավելի ուշ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք վերանայել և կրճատել են դիվանագիտական ճգնաժամի կարգավորման համար Կատարին ներկայացված պահանջների ցուցակը։ Ցանկում առավել հատկանշական փոփոխություններից են եղել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակման, ինչպես նաև երկրից կասկածելի անձանց, օրինակ՝ ծայրահեղական իսլամական հայացքներով աստվածաբանի աքսորման պահանջների  չեղարկումը: Բացի այդ, նոր ցուցակում չեն նշվում պահանջների կատարման սեղմ ժամկետներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.