Հրաժեշտ զենքին. ԿՀՎ-ի կողմից սիրիական ընդդիմությանն աջակցելու ծրագրի դադարեցման հետևանքները

Վերջերս The Washington Post թերթը տեղեկացրեց ԿՀՎ-ի կողմից սիրիական ընդդիմության ջոկատներին աջակցող ծրագրի դադարեցման մասին, որը մեկնարկել էր 2013 թ.՝ Բարաք Օբամայի օրոք: Մինչև այժմ ո՛չ Սպիտակ տունը և ո՛չ էլ ԿՀՎ-ն չեն հաստատել այս տեղեկությունը. գրում է ՏԱՍՍ-ը:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի առաջին իսկ օրվանից ԱՄՆ-ն հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը: Բախումներն սկսվելուց մեկ ամիս անց՝ 2011 թ. ապրիլին, Օբաման պատժամիջոցներ սահմանեց սիրիական կառավարության նկատմամբ, իսկ հուլիսին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց «Ասադի վարչակարգի» անօրինականության մասին:

Այս ամենին հետևեց Վաշինգտոնի կողմից ընդդիմության ակնհայտ աջակցումը, Պենտագոնի և ԿՀՎ-ի հատուկ ծրագրերի շրջանակներում «ոչ ծայրահեղական» զինյալներին զինտեխնիկայով և մարզումներով ապահովումը:

Այդ ծրագրերից մեկը, որի կասեցման մասին տեղեկացրել էր The Washington Post-ը, կոչվում էր Timber Sycamore: Այն իրականացվում էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի «գործընկերների» օժանդակությամբ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մարզումների և մատակարարված զենքի քանակի մասին տվյալները գաղտնի են: Այդուհանդերձ, տարբեր գնահատականների համաձայն, մարզումներին մասնակցել է հազարից ավել զինյալ, իսկ «չափավոր» ընդդիմությանը տրամադրած զենքի արժողությունը մի քանի միլիարդ դոլար է գնահատվել:

ԱՄՆ-ի կողմից ցուցադրված «աջակցությունը» երկու լուրջ խնդրի հանգեցրեց, որոնց հետևանքները մինչև այժմ զգացվում են ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում:

Առաջին՝ ԿՀՎ-ի կողմից ուղարկվող զենքերը ոչ միշտ էին հասնում հասցեատերերին: 2016 թ. հայտնի դարձավ, որ Հորդանանի հետախուզությունը «մշտապես» առգրավել է զենքի մի մասը և վաճառել սև շուկայում. չի բացառվում, որ դրա որոշ մասը հայտնվել է Իսլամական պետության ծայրահեղականների ձեռքում: Երկրորդ՝ վերապատրաստված զինյալների մի մասն անցել է ԻՊ-ի կողմը:

The Washington Post-ի աղբյուրները մանրամասնել էին, որ ծրագրի կասեցման  որոշումը կապված չէ G20-ի շրջանակներում Թրամփ-Պուտին հանդիպման հետ: Այդուհանդերձ, Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը, մեկնաբանելով Թրամփի որոշումը, ասել էր, որ «Պուտինը հաղթել է Սիրիայում»:

Ընդ որում, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նախագահների հանդիպման ժամանակ ակտիվորեն քննարկվել է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցը: Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Հորդանանը համաձայնության էին եկել հուլիսի 9-ից Սիրիայի հարավային շրջաններում երեք անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի մեղմացմանը և անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր քայլերը»,- Թրամփի որոշումը մեկնաբանելով՝ ասել է ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Արտյոմ Կոժինը:

Դաշնային խորհրդի՝ Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն այդ քայլն անվանել էր «երկար սպասված և գերազանց»:

Սպիտակ տան աշխատակիցներից մեկի խոսքով՝ Թրամփի այս քայլը «նշանակում է, որ վարչակազմը ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները»:

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի կարծիքով՝ Timber Sycamore ծրագրի դադարեցումը Թրամփի վարչակազմի սխալն է: «Ռուսաստանի հանդեպ որևէ զիջման գնալը և Սիրիայի հետ կապված հիմնավոր ծրագրից հրաժարվելը անպատասխանատու և անհեռատեսական քայլ է»,- ասել է նա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.