Արևելյան Եվրոպայում բողոքում են «ապրանքային ռասիզմից». The Times

Արևելյան Եվրոպայի երկրները պնդում են, որ իրենց տարածքում վաճառվող արևմտյան ապրանքանիշի ապրանքները որակով տարբերվում են իրենց իսկ արևմտյան տարբերակներից՝ ընդ որում վատ առումով. գրում է The Times-ը:

Թերթի տվյալների համաձայն՝ Արևելյան Եվրոպայի երկրները սպառնում են «շրջափակել» Եվրամիությունը «ապրանքային ռասիզմի» պատճառով:

Խմբագրությունը նշում է, որ վերջերս կայացած մամլո ասուլիսի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հայտնել է՝ Iglo ընկերության ձկան ձողիկները Սլովակիայի խանութներում վաճառվում են 300 գրամում 58% ձկան պարունակությամբ, մինչդեռ Ավտրիայում նույն փաթեթում ձկան պարունակությունը 65% է, ընդ որում՝ նույն գնով:

Սլովակիայի վարչապետը խոստացել է կոչ անել Հունգարիայի, Չեխիայի և Լեհաստանի առաջնորդներին՝ արգելափակել արևմտաեվրոպական արտադրանքը, եթե Եվրահանձնաժողովը ոչինչ չձեռնարկի: «Մենք պետք է պաշտպանվենք, մենք չենք կարող այդպիսի բան թույլ տալ: Մենք պարզապես ցանկանում ենք, որ Սլովակիայի ժողովուրդն օգտվի նույն որակի սննդից, ինչ արևմուտքի ժողովուրդը»,- Ֆիկոյի խոսքերը մեջբերում է The Times-ը:

RT-ի փոխանցմամբ՝ «ապրանքային ռասիզմ» արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է լեհական Gazeta Prawna առցանց լրատվականում, որը բազմաթիվ նյութեր է հրապարակել Nutella կամ Sprite ապրանքների տարածաշրջանային առանձնահատկությունների մասին: Արդեն մի քանի ամիս է տարբերություններն ակնհայտ են. օրինակ՝ պարզվել է, որ դանիական Tulip Food Company-ի՝ Չեխիա ուղարկված մսային արտադրանքում բացի խոզի մսից նաև հավի միս է եղել, իսկ Գերմանիա ուղարկվածում՝ ոչ: Ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ ապրանքներն իրոք տարբերվում են` հարմարեցվելով «համային նախապատվություններին, շուկայական պահանջներին և գներին»: Նույն պատասխանն էր տվել Coca-Cola  ընկերությունը, երբ պարզվել էր, որ Չեխիա արտահանվող Sprite զովացուցիչ ըմպելիքի բաղադրության մեջ բացի շաքարից այլ արհեստական քաղցրացուցիչներ են առկա, մինչդեռ գերմանական Sprite-ում դրանք բացակայում են:

Որոշ քաղաքական գործիչների այդ բացատրությունները չեն բավարարում: «Մենք չենք ասում, որ ընկերությունները չեն կարող ապրանքները հաճախորդների պահանջներին հարմարեցնել: Խոսքը հիմնական բաղադրիչի որակային տարբերության մասին է»,- հայտարարել է Չեխիայի խորհրդարանի անդամ Օլգա Զենալովան:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրաժարվել էր քայլեր ձեռնարկել: Կառույցի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր. «Քանի դեռ ապրանքները համապատասխանում են ԵՄ-ի իրավական նորմերին և իրենց հիմնական հատկանիշներով մոլորության մեջ չեն գցում սպառողներին, այնպիսի օրենքներ չեն սահմանվի, որոնք ընկերություններին կարգելեն տարբեր ապրանքներ արտադրել՝ կախված շուկայից»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.