Ինտերպոլը տարածել է ԻՊ-ի 173 մահապարտ զինյալների անուններով ցուցակ. The Guardian

Ինտերպոլը տարածել է Իսլամական պետության 173 մահապարտ ահաբեկիչների ցուցակ, որոնք վերապատրաստվել են Մերձավոր Արևելքում տարած պարտությունների պատճառով Եվրոպայից վրեժ լուծելու համար. գրում է The Guardian-ը:

Համաշխարհային հանցավորության դեմ պայքարող գործակալության ցանկը կազմվել է ԱՄՆ-ի հետախուզության կողմից Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի տարածքների վրա կատարած հարձակումների ժամանակ ստացված տեղեկության հիման վրա:

Եվրոպական հակաահաբեկչական ծառայություններն անհանգստացած են, որ Իսլամական պետության «խալիֆայության» փլուզման պատճառով մահապարտ ահաբեկիչները կարող են գալ Եվրոպա և ավարտին հասցնել իրենց «առաքելությունը»:

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք The Guardian-ի ձեռք բերած ցուցակում առկա մարդիկ մուտք գործել են Եվրոպա, թե ոչ, սակայն Ինտերպոլի գործակալներն ընդգծում են, որ Եվրոպային լուրջ մարտահրավեր է սպասվում:

Իտալիայի կողմից Ինտերպոլի ցուցակին կցված գրառման մեջ բացատրվում է, թե ինչ կառուցվածք ունի ահաբեկիչների տվյալների բազան՝ հավաքելով հարյուրավոր մասերից բաղկացած հանելուկի տարրերը, որոնց հիմնական մասը ստացվել է ԻՊ-ի տեղական գրասենյակների գրավման ժամանակ:

Ինչպես նշում է The Guardian-ը, ցուցակում ներառված են կասկածյալների անունները, ԻՊ-ին հավաքագրվելու ամսաթիվը, նրանց վերջին բնակության վայրը, մզկիթը, որտեղ կատարել են աղոթքները, նրանց մայրերի անունները և որոշ լուսանկարներ:

Գրոհայիններից յուրաքանչյուրի համար ինքնությունը հաստատող նիշ է ստեղծվել, որպեսզի Ինտերպոլի անդամ երկրները կարողանան տվյալներ մուտքագրել տեղական տվյալների բազայում: Ապա այդ տեղեկությունները կներառվեն Ինտերպոլի ավտոմատ որոնման ծառայությունում՝ նրանց անուններն ուժեղացված հսկողության ցուցակում ավելացնելու համար:

Ամերիկյան հետախուզությունը համոզված է ցուցակի աղբյուրների իսկության մեջ, սակայն արևմտյան հակաահաբեկչական կազմակերպությունները հայտնել են, որ մեծ դժվարությունների առաջ են կանգնում կասկածյալներին գտնելու համար, որոնք մի շարք կեղծ փաստաթղթեր և անձնագրեր ունեն:

Եվրոպական հակաահաբեկչական ծառայության գործակալները նշել են, որ այդ ցանկը Եվրոպայում տարածելու նպատակներից մեկը ահաբեկիչների շարքերում Եվրոպայում ծնվածներին հայտնաբերելն է: 2015 թ. ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքի և Սիրիայի ահաբեկիչներից 20 հազարն օտարերկրացիներ են, որոնցից չորս հազարը՝ Եվրոպայից:

The Guardian-ի փոխանցմամբ՝ ԻՊ-ի ահաբեկիչների՝ Եվրոպա հասնելու արագությունը կախված  է, թե արդյո՞ք խմբավորումը պատրաստվում է նոր բազաներ հիմնել Սիրիայում: Կարծիք կա, որ զինյալները Ռաքքայից անցում կկատարեն հարավ՝ Դեր Զորից մինչև Աբու Քամալ ընկած տարածքը:

Ջիհադիստական խմբավորումը ներկայումս պայքարում է Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար:

Երեկ՝ հուլիսի 21-ին, ամերիկյան բանակի գնդապետ Ռայան Դիլոնը տեղեկացրել է, որ Ռաքքայում մոտ երկու հազար զինյալ կա․ վերջիններս խաղաղ բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.